Այս պահին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում անհետ կորածների թիվը 19 է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ անհետ կորածները 15-ն են։
Կոստանյանն ասաց, որ անհետ կորած 19 քաղաքացիներից մեկը Իրանի քաղաքացի է։
Որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Խոսնակն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ կինոլոգիական շները որոշակի հետք էին գտել, աշխատում են այդ ուղղությամբ՝ տեսնելու, թե այդ հատվածում կա՞ն մարդիկ, թե՞ ոչ։ Դրանից հետո փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ որոնողական աշխատանքներում ներգրավված կինոլոգիական ջոկատի շներին ծուխը թույլ չէր տալիս որոնում իրականացնել, ուստի այդ աշխատանքներն արդյունավետ չէին։
Կարդացեք նաև
Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով 6 քաղաքացի է մահացել, 19-ն՝ անհետ կորած, տուժածները, որոնք տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ, 61-ն են, այս պահին բուժկենտրոններում բուժումը շարունակում են 13 քաղաքացիներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության