Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալ:
Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ:
«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:
Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը և «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը։ Հայաստանյան ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Մուրադյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթ և 2 բրոնզ մեդալների։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ