Ինչպես հայտնել էինք, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն օրերս հայտարարել էր «Անկախության շարժում» սկսելու մասին, ըստ որի՝ ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 21-ը Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տված լինի վարչապետի պաշտոնից։ «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա մանրամասնեց նպատակները։ Նախ ասաց․ «Օգոստոսի 23-ը ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Անկախության հռչակագիրը սահմանում է այն հիմնական թեզերը, թե ինչու է ստեղծվում եւ ինչին է ծառայում ՀՀ-ն։ Սահմանում է, որ հետագա իշխանությունների ու պետության մարմինների գործողությունները պետք է համապատասխանեն անկախության հռչակագրին։ Այն էլ իր հերթին հղում է անում գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային խորհրդի 1989թ․-ի՝ ՀՀ-ն Արցախին վերամիավորելու որոշմանը։ Այսինքն, մեր պետությունը ստեղծվել է,որպեսզի ջանքեր գործադրի Արցախի հետ վերամիավորման համար։ Անկախության հռչակագիրն արգելում է որեւէ պաշտոնյանի շեղվել նախանշված ճանապարհից»։
Ղազարյանը շեշտեց․ «Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության 2018թ․-ին, իր ելույթները մայիսին ԱԺ-ում համապատասխանում էին անկախության հռչակագրի պահանջներին։ Ասում էր, որ իր ընտրության արդյունքում Արցախի «դե ֆակտո» անկախությունը պետք է վերածվի «դե յուրե» անկախության, որ հետեւողական ջանքեր են գործադրվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Սա լրիվ համապատասխան է անկախության հռչակագրին։ Սակայն, երբ համադրում ես նրա հետագա գործունեությունն իր ելույթների հետ, ակնհայտ է, որ նա խաբել է մարդկանց եւ պատգամավորներին, խաբեությամբ զավթել իշխանությունը, շեղվել իր ելույթներից, ծրագրերից, անկախության հռչակագրից ու անում է այն, ինչը միաժամանակ անում են Ալիեւն ու Էրդողանը»։
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների մեծ մասը դրական են արձագանքել այս նախաձեռնությանը․ «Իրենք մեր անկախության հայրերն են։ Օգոստոսի 23-ին նրանք պետք է հավաքվեն, հավատարմությունը վերահաստատեն պետության հիմնադիր փաստաթղթին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ մյուս նախագահները եղել են գերագույն խորհրդի պատգամավորներ։ Տեր-Պետրոսյանն ինքն է ստորագրել փաստաթուղթը, թող գա եւ դիրքորոշում հայտնի։ Իսկ 17:00-ին Հանրապետության հրապարակում կլինի անկախության տոնական հանրահավաք՝ ընտանիքներով, դրոշներով։ Այդ օրը եկողներից որեւէ գործողության ակնկալիք չունեմ՝ բացի նրանից, որ գան տեսնեն, թե ես ինչ եմ անում։ Մեկ օրվա մասին է խոսքը։ Երթ չի լինելու։ Կանգնելու են ու տեսնեն, թե ինչ է կատարվելու այդ օրը։ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ պահանջում եմ, որ այդ օրը ժամը 18:00-ից հետո տուն չգնա։ Վեր ընկի այդ օրը քո տեղը՝ աշխատասենյակն արդեն հավաքած, որ հետո չասես, թե ժամանակ է պետք իրերը հավաքելու։ Սեղանին թող Հրայր Թովմասյանից վերցված գրիչն ու մի թուղթ։ Կնոջդ էլ զգուշացրու, որ տունը հավաքի, որ դուրս եք գալու։ Հրապարակում հավաքվածների լիազորությամբ բարձրանալու եմ քո մոտ, գրես ու տաս հրաժարականի դիմումդ, ես էլ զեկուցեմ դա հավաքված մարդկանց»։
Էդգար Ղազարյանը դիմեց նաեւ ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով օգոստոսի 23-ին աշխատանքի մեջ լինել, որովհետեւ այդ օրը գիշերը, ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ վարչապետի ընտրության հարցով․ «Կտեսնեք, թե այդ օրն ինչպես է երկրում իրավիճակ փոխվում, ինչպես են Բերձորն ու Աղավնոն փրկվում։ Դրա համար պետք է միայն քաղաքացիների ներկայությունը Հանրապետության հրապարակում։ Հիմա կարող են ասել, թե ես գժվել եմ։ Այսքան բանից հետո Փաշինյանի պաշտոնավարումը հնարավոր եք համարում, իսկ իմ ասածը՝ անհնարի՞ն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ