Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում մամուլի ազատությանը նվիրված համաժողովի ընթացքում անհնար է եղել հարց հնչեցնել, մեկնաբանություն ստանալ կամ ինչ-որ բան ճշտել. JAMnews

Օգոստոս 15,2022 15:08

JAMnews. Ադրբեջանի գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված «սոցիալական ցանցերի ազդեցության մեծացման պայմաններում հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովմանը»։ Միայն վերջին շաբաթվա ընթացքում սոցցանցերի չորս օգտատեր հրավիրվել է դատախազություն, որտեղ նրանց հետ կանխարգելիչ զրույց են վարել ու նախազգուշացում արել։ Փորձագետի կարծիքով՝ նման քայլերը մտավախություն են առաջացնում ինտերնետի ազատության, սոցիալական ցանցերի զարգացման և երկրում խոսքի ազատության համար։

Գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանում ստեղծվել են պայմաններ լրատվամիջոցների զարգացման համար։ Նրա խոսքով՝ դատախազությունը կտրուկ միջոցներ է ձեռնարկում մամուլում կամ սոցիալական ցանցերում ազգային անվտանգությանը վնասող, պաշտպանունակությունը թուլացնող, քաղաքացիների իրավունքները ոտնահարող կոչերի կամ նյութերի հայտնվելու դեպքում։

Համաժողովին հրավիրված են եղել իշխանությունների հետ աշխատող ՀԿ-ների, ինչպես նաև իշխանամետ և պաշտոնական մամուլի ներկայացուցիչներ։ Աղբյուրը նշում է, որ համաժողովին չեն հրավիրվել անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և մեդիափորձագետներ։

Գլխավոր դատախազի ելույթից հետո հրավիրված լրագրողներին խնդրել են հեռանալ։ Հետո միայն երկու իշխանամետ հեռուստաընկերության են ներս թողել։ Այսպիսով, մամուլի ազատությանը նվիրված համաժողովի ընթացքում անհնար է եղել հարց հնչեցնել, մեկնաբանություն ստանալ կամ ինչ-որ բան ճշտել։

«Սահմանադրության երկու հոդված է խախտվել»

«Պետական ​​կառույցների գործողությունները ԶԼՄ-ների հանդեպ վարվող քաղաքականության ոլորտում հասել են ապշելու աստիճանի»,- ասում է մեդիափորձագետ Ալեսքեր Ահմեդօղլուն։

«Գլխավոր դատախազությունն այլևս ոչ միայն հանդես է գալիս որպես լրատվամիջոցների ազատությունը և լրագրողական էթիկան վերահսկող կառույց, այլև համաժողով է անցկացնում այդ թեմաներով։

Ավելին, նախագահի հրամանով և «լրատվամիջոցներում բարեփոխումները խորացնելու» նպատակով ստեղծված MEDIA գործակալությունը, ինչպես նաև Մամուլի խորհուրդը, որը ստանձնել է ԶԼՄ-ների էթիկական և մասնագիտական ​​ինքնակարգավորման գործառույթները, ներկա են եղել այդ համաժողովին՝ ասես ոչինչ էլ չի եղել և չեն կարողացել ասել. «Հարգելի դատախազություն, այս ոլորտում կարգավորողի գործառույթներն ինձ են վստահված նախագահի հրամանով, մի միջամտեք»։

Տարածված լուրերից պարզ է դառնում նաև, որ դատախազությունը, խոսելով մամուլի ազատության, լրագրողական պրոֆեսիոնալիզմի մասին, խախտում է սահմանադրության 25-րդ և 50-րդ հոդվածները, որոնց պետք է հետևեն բոլորը, թույլ է տալիս խտրականություն, լրագրողներին բաժանում է ընկերների և թշնամիների, որոշները ներկա են միջոցառմանը, մյուսները՝ վտարված»,- գրել է Ահմեդօղլուն իր ֆեյսբուքյան էջում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից 2002 թվականին հրապարակված ԶԼՄների ազատության ինդեքսի համաձայն՝ Ադրբեջանը 154-րդն է աշխարհի 180 երկրների մեջ։

Սա ամենավատ արդյունքն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 51-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 89-րդը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031