«Եթե Աղավնոյի բնակիչներն իրենց տները լքեն ու գան Փաշինյանի կառավարական առանձնատանն ապրեն, որտեղ ազատ առանձնատներ կան, իսկ Փաշինյանը, ՔՊ-ի պատգամավորներն իրենց ընտանիքներով գնան Աղավնո ապրելու, այդ ժամանակ կողմ կլինեմ, որ Աղավնոյի տները չայրվեն։ Բերձորում մինչեւ 9000 մարդ կարող է ապրել, դե թող իրենց ընտանիքներով գնան»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Աղավնոյի բնակչի տունն այրելու տեսանյութին։
«Եթե շատ են ուզում թուրքերի հետ ապրեն, թող գնան ապրեն, մուղամ լսեն ու թեյ խմեն, թուրքերին ինչի՞ են բերում մեր երկիր։ Կամ, թող Սումգայիթ գնան ապրելու, այնքա՜ն թուրք կա այնտեղ։ Հարկատուները ամեն ամիս մոտ 100 000 դոլար են տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ապրի կառավարական առանձնատանը ու որոշի, որ Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներն իրենց տները պետք է վառեն ու դուրս գան։ Ինչպե՞ս կարելի է նման բան լինի, ինչպե՞ս կարելի է նման բանը հանդուրժել։ Այսօր առավոտ նա «Սուրմալու» է գնացել։ Կարո՞ղ ես՝ Աղավնո գնա, կգնա՞ս տեսնես, թե ինչպես են մարդիկ տները վառում»,-հարցադրում արեց Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ միակ պաշտոնյան, որի պաշտոնավարման շրջանում հայ մարդիկ այրել են իր տները՝ Նիկոլ Փաշինյանն է․ «Միշտ թուրքերն են բռնի մեզ հանել մեր տներից։ Օգոստոսի 26-ին Մեհրիբանի ծնունդն է, գնալու են Բերձոր, բա ո՞նց կլինի, որ գնա ու վառված տներ տեսնի։ Կարմիր կտուրներով, սիրուն տներ են Աղավնոյում։ Դա ամենագեղեցիկ գյուղն է մեր երկրում։ Հայկ Խանումյանը գնացել ասում էր, թե տները չվառեն, որ փոխհատուցում ստանան։ Ո՞ւր է Արցախի կառավարության որոշումը փոխհատուցման մասին, դրանում գրվա՞ծ է, որ տունը վառողին փոխհատուցում չի հասնում»։
Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ սահմանված չէ Բերձորի միջանցքի հայաթափում, սակայն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ