Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրմալուի տարածքում անհետ կորածների հարազատները դժգոհ են որոնողական աշխատանքներից

Օգոստոս 15,2022 13:00

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով անհետ կորածների հարազատները դժգոհում են, որ գիշերը փրկարար ծառայությունը թերի է աշխատել։ Հարազատները, որոնք տեղում որպես կամավոր աշխատում են, լրագրողներին պատմեցին, որ գիշերը շատ քիչ թվով փրկարար է եղել տարածքում․ «Ո՛չ տրակտոր կար, ո՛չ բեռնատար։ Ոնց նայում ենք՝ հիմա սաղ ֆորմայով մարդիկ են, նախարար, փոխնախարար են գալիս, բայց որեւէ արտակարգ բան չեն անում։ Սայլը տեղից չի շարժվում»։

Վանիկ Կարապետյանն էլ պատմեց, որ երեկ երկու քույրերը՝ մեկը՝ հղի, մյուսը՝ 5 տարեկան երեխայի հետ եկել էին նոր ծնվող երեխայի համար հագուստ եւ այլ իրեր գնելու, երբ տեղի է ունեցել պայթյունը։

«Գիշերն էսքան փրկարար չի եղել, 10-15 հոգի են եղել։ Մի քանի ժամ առաջ ձայն ենք լսել փլատակների տակից․․․ ու էդ ժամին էսքան փրկարար չի եղել, մի հատ տրակտոր է աշխատել»,-պատմեց Վանիկ Կարապետյանը։

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ նախարարության որոնողափրկարարական բոլոր ստորաբաժանումներն ակտիվ աշխատել են գիշերը․ «Քաղաքացիների ցավն ու վրդովմունքը հասկանալի է, ապրումակցում եմ նրանց։ Ես վստահ եմ՝ ինչպիսի աշխատանք էլ կատարվի, իրենց չի բավարարի։ Աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են ողջ ծավալով։ Մարզային ստորաբաժանումներից լրացուցիչ ուժեր ենք ներգրավել հիմա եւ շարունակելու ենք աշխատանքն այնքան, որքան անհրաժեշտ է»։

Փոխնախարարն ասաց, որ քաղաքապետարանը, տեղական կառավարման մարմինները տեխնիկայով աջակցում են, վերամբարձ կռունկներ եւ բեռնատարներ են տրամադրվել։

Գրիգորյանը հերքեց, որ գիշերը փրկարարները լավ չեն աշխատել եւ որ գիշերը տեխնիկա չի աշխատել։ Քաղաքացիների դժգոհություններին ի պատասխան էլ ասաց՝ ԱԻՆ-ն իր առջեւ դրված խնդիրը կիրականացնի։

Այս պահին, ըստ փոխնախարարի, որոնում են 16 քաղաքացու։

Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով 6 քաղաքացի է մահացել, 15-ը՝ անհետ կորած, տուժածները, որոնք տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ, 61-ն են, այս պահին բուժկենտրոններում բուժումը շարունակում են 21 քաղաքացիներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031