«Օգոստոսի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան զանգվածային միջոցառումների մասնակցելուց, որոշ վայրեր այցելելուց, այդ թվում՝ մետրոպոլիտեն։ ՀՀ-ում 30-ից ավելի դիվանագիտական հաստատություններ կան, ու նման հայտարարություն է անում, չգիտես ինչու, միայն ԱՄՆ դեսպանատունը։ Լսե՞լ եք, որ ՌԴ-ի կամ Իրանի դեսպանատունը մի անգամ նման հայտարարություն անի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ արձանագրելով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունին նախորդած դեպքերը։
«Նման հրապարակային հայտարարությունը ոչ միայն ԱՄՆ քաղաքացիներին է վերաբերում, այլ ողջ հանրությանը։ Իսկ օգոստոսի 4-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարություն է տալիս եւ ՊԵԿ նախագահին՝ ապահովել ցանկացած ադրբեջանցու մուտքը ՀՀ տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած մասից, ապահովել նրանց անվտանգությունը ՀՀ տարածքում։ Այդ «ցանկացած ադրբեջանցիների» մեջ կարող են լինել նաեւ մայոր Ռամիլ Սաֆարովը, ԱԹՍ-ով հայ սպանողները։ Երեւանի կենտրոնում մինչդեռ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը վտանգի տակ է, արդեն վեց մարդու մահ է հաստատվել, բայց ադրբեջանցիների անվտանգությունը մեր ԱԱԾ-ն ապահովում է ՀՀ ողջ տարածքում՝ վարչապետի հանձնարարությամբ։ Փաշինյանը չի ուզո՞ւմ տրամաբանական կապը տեսնել օգոստոսի 4-ի իր հանձնարարականի եւ երեկվա այդ ուժգին պայթյունի միջեւ»։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ թեեւ ասվում է, որ առեւտրի կենտրոնում հրավառությունների նյութերի պահեստ է պայթել, սակայն տպավորություն է, որ զորանոց, զինապահեստ է պայթել․ «Կադրերը կան, հո մենք հիմա՞ր չենք։ Նույն օրը փակվեց մետրոպոլիտենը, որովհետեւ ահազանգեր եղան նաեւ մետրոներում, եկեղեցիներում ռումբի տեղադրման մասին՝ հենց տաղավար տոնի օրը։ Հունիսին ԱԱԾ-ն մի տեսանյութ էր հրապարակել, որ բացահայտել են «Վերնիսաժ» տոնավաճառում օրավարձի 500 դրամ ավել ձեւակերպված լինելու մասին։ Այս խնդիրը, փաստորեն, ազգային անվտանգության սպառնալիք է։ Մինչդեռ դրանով մի հարկային տեսուչ պետք է զբաղվեր։ Երեկվա դժբախտությունից հետո ենք իմանում, որ Երեւանի կենտրոնում պայթուցիկ նյութերի հսկա պահեստ կա՝ ամենաբանուկ հատվածում, երկու մեծ տոնավաճառի արանքում, որտեղ հարյուրավոր մարդիկ են աշխատում, հազարավոր այցելուներ են լինում։ Ընդ որում, պահման պայմանների վերաբերյալ պետական մարմիններն արձանագրել են խախտումներ»։
Էդգար Ղազարյանը հարցադրում արեց՝ ինչո՞ւ էր ՀՀ ոստիկանապետը երեկ գնացել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածք, ի՞նչ ուներ այնտեղ անելու, որովհետեւ ոստիկանությունն իր գործն անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովում՝ Հանրապետության հրապարակում ամեն հինգ մետրը մեկ ոստիկան կարգելով․ «Ոստիկանությունում ստորաբաժանումներ կան, որոնց մասնագիտական պարտականությունն է հսկողության տակ պահել, հաշվառել զինամթերքը, պայթուցիկ նյութերը։ Նման նյութերը հիմնականում ներմուծվող են եւ պետական մարմինների հսկողության տակ են։ Կամ, ԱԱԾ-ում մինչեւ հիմա չգիտեի՞ն, որ քաղաքի կենտրոնում նման հրավտանգ պահեստ կա, ինչո՞ւ չեն արգելել դրանք։ Պայթյունի ուժը կադրերում տեսե՞լ եք»։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը նաեւ հարցադրում արեց՝ ինչո՞ւ էր թիկնազորով Սուրմալու գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ի՞նչ ուներ այնտեղ անելու Երեւանի քաղաքապետը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ցուցարարներին դաժանորեն ծեծող հաստ վզերով էդ կարմիր բերետավորները, որոնք գոմեշի ուժ ունեն, որտեղ? են վեր ընկած, թող գնան Սուրմալուի փլվածքների ծանր քարերը բարձրացնեն, տակից մարդ հանեն։ Դրանք ոչ էլ պատերազմին են մասնակցել, թուրքի դեմ կռված տղերքից ավելի շատ աշխատավարձ են ստանում, դրան գումարած պարգևավճարներ են ստանում հայ ցուցարարներին ծեծելու համար։