«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում պայթյունի վտանգ չկա, բայց կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն։ Այս մասին այսօր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։ Նա վստահեցրեց՝ ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։
Համբարյանն ասաց, որ հրդեհի ամբողջական մարման մասին հնարավոր չէ խոսել, մինչեւ բոլոր հարկերում հրդեհաշիջման աշխատանքներն ավարտված չլինեն, քանի որ գործ ունեն շատ հրավտանգ նյութերի հետ․ «Մենք գործ չունենք ստանդարտ հրդեհի հետ։ Պայթյունի վտանգ չկա, կա մնացած նյութերի բռնկման հավանականություն։ Գործ ունենք գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում։ Ըստ էության՝ հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։
ԱԻՆ-ն, ըստ փոխնախարարի, որոնում է 15 քաղաքացու։
Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, որի հետեւանքով, պաշտոնական տվյալներով 6 քաղաքացի է մահացել, 15-ը՝ անհետ կորած են, տուժածները, որոնք տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ, 61-ն են, այս պահին բուժկենտրոններում բուժումը շարունակում են 21 քաղաքացիներ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ