JAMnews. Քաղաքագետ Գիա Նոդիան դիտարկումներ է անում, թե ինչու են Վրաստանում հակառուսական տրամադրություններն այսօր ավելի տեսանելի, քան 2008 թվականին՝ օգոստոսյան պատերազմից և Ռուսաստանի ներխուժումից հետո։
Ակնհայտ է, որ հակառուսական (նկատի ունի Թբիլիսի եկած ռուսներին, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը) տրամադրությունները հիմա շատ ավելի ուժեղ են, քան 2008 թ․-ի պատերազմից հետո։
Սա պարադոքս է։ Ինչո՞վ է սա բացատրվում:
Կարծում եմ, որ հիմնական պատճառը ներքաղաքական է՝ այն ժամանակ շատերն էին ատում իշխանությանը տարբեր պատճառներով, բայց ոչ ոք չէր կարող այն անվանել ռուսամետ։
Կարդացեք նաև
Ակնհայտորեն, կար ռուսական նոր ագրեսիայի մտավախություն, բայց ոչ ոք չէր վախենում, որ Վրաստանի կառավարությունը կխրախուսի ու կաջակցի մեր նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը։
Ուստի գործնականում ոչ ոք դեմ չեղավ ՌԴ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանմանը և նրանց զբոսաշրջության խթանմանը։ Ոչ ոք սա «ռուսամետ» քայլ չհամարեց (իմ կարծիքով՝ միանգամայն իրավացիորեն), քանի որ Միշայից (Սաակաշվիլի) ռուսամետ քայլեր չէին սպասում։
Իսկ հիմա մենք ունենք իշխանություն, որի «ռուսամետությունը» գնալով ավելի տեսանելի է դառնում, և որը միայն ծիսակարգային արևմտամետության կողմնակից է։ Իշխանությունը գնալով ավելի շատ է ապավինում մարդկանց, որոնց համար իր ռուսամետությունն ամենևին էլ թերություն չէ։
Հետևաբար, քանի որ մենք չենք հավատում, որ կառավարությունը մոտիվացված է պաշտպանել մեզ Ռուսաստանի քաղաքական (և ոչ միայն ռազմական) ագրեսիայից, մենք մեզ շատ ավելի խոցելի ենք զգում Ռուսաստանի և ռուսների առաջ։
Անապահովության այդ զգացումն առաջացնում է արձագանք, որ սրճարանում նստած ցանկացած ռուս զույգ օկուպացիոն նախագծի մի մասն է:
Հետևաբար, կրկնեմ այն, ինչ ասել եմ մի քանի անգամ. որքան էլ մենք Ռուսաստանի քաղաքացիների «ներխուժումը» գնահատենք որպես խնդիր, այն, այնուամենայնիվ, երկրորդական է համեմատած ավելի ռազմավարական խնդրի հետ՝ ունենալ այնպիսի իշխանություն, ինչպիսին հիմա ունենք։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: