Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ բոլորս, անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա: Եվ սա արտահայտվում է նաև պետական քաղաքականությունում. Դանիել Իոաննիսյան

Օգոստոս 15,2022 10:38

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենք, բոլորս, համազգային քյանդրբազթյան և անգրագիտության արդյունքում թքած ունենք անվտանգության կանոնների վրա

Բոլոր տեսակի անվտանգության կանոնները ազգովի բռնաբարում ենք. երթևեկում ենք չամրակապված, մեր երեխաներին տեղափոխում ենք առանց հատուկ մանկական նստատեղի, մեքենաներին դնում ենք էժան արգելակման կոճղակներ, շինարարությունում ու հեծանիվ քշելուց չենք կրում սաղավարտ, պատերազմի ժամանակ հանում-գցում ենք զրահաբաճկոնները, դպրոցներում չենք սովորում երկրաշարժի ուսումնական էվակուացիային, համավարակի ժամանակ ծաղրում ենք դիմակները, հրավտանգ ու պայթյունավտանգ նյութերի պահեստներում չենք տեղադրում հրդեհաշիջման համակարգեր և այլն։

Այս ու այլ անվտանգության կանոնները բռնաբարելիս մենք միշտ հորինում ենք արդարացումներ. սկսած «ըլնող բանը կլինիից» և վերջացրած տարբեր հակագիտական պնդումներով։ Հաճախ չենք էլ քննարկում անվտանգության կանոնները, որ մի բան էլ խոսվի, թե ինչու չենք պահպանում դրանք։

Եվ այս քյանդրբազությունը արտահայտվում է նաև պետական քաղաքականությունում։ Ոչ ոստիկանությունն է ամրագոտիներին կամ մանկական նստատեղերին հետևում, ոչ կրթական համակարգն է անվտանգության կանոններ կրթում, ոչ ԶՈւ հրամանատարությունն է հետևում զրահաբաճկոններ կրելուն, ոչ էլ տեսչական մարմիններն են հետևում հակահրդեհային, տեխնիկական ու այլ անվտանգության կանոնների պահպանմանը։

Հաճախ վերահսկման պատասխանատուներն իրենք էլ չեն տիրապետում անվտանգության կանոններին ու դրանց կարևորությանը։ Ոստիկանները իրենք են երթևեկում չամրակապված, դպրոցների ղեկավարությունները անգամ չգիտեն, որ ամեն տարի պիտի ուսումնական էվակուացիայի սցենար խաղացնեն, իսկ տեսչական մարմինների ներսում խախտվում են այն կանոնները, որոնց հսկման համար այդ մարմինները պատասխանատու են և այլն։

Ու քանի դեռ այդ համազգային քյանդրբազությանը վերջ չի տրվում, քանի դեռ պետական քաղաքականությունը կոմպլեքս փոփոխություն չի կրել` մարդիկ մահանալու են ու շատ են մահանալու։

Հ.Գ. Իսկ եթե այս պայմաններում լուրջ երկրաշարժ եղավ (օրինակ` Գառնիի ճեղքվածքում)` սպասեք մինչև 200 հազար զոհի (հետազոտության արդյունքում պարզված թիվ է)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031