Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 15,2022 10:25

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

«Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Առաջին խնդիրը, որը պետք է իշխանությունը լուծեր՝ համակարգող շտաբի ստեղծումն էր, որում պետք է ընդգրկվեին նույնիսկ նվազագույն չափով դեպքի հետ առնչություն ունեցող մարմինները։

Այս ողբերգությունը և դրա հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շատ դեպքերում հիշեցնում են 44-օրյա պատերազմը՝ կազմակերպչական, կառավարման և մարդկային ռեսուրսների ներգրավման առումով։

Չնայած առանձին ծառայությունների՝ հրշեջների, փրկարարների, առանձին ոստիկանների անձնազոհ ջանքերի, պետք է արձանագրենք, որ ամենամեծ խնդիրը իրավիճակը ճիշտ ախտորոշելն ու անհրաժեշտ ռեսուրսների ներգրավումն է։

Շատ քննարկվեց կամավորների ներգրավման հարցը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա/կար, ապա մարդկանց մոբիլիզացիան պետք է լիներ հստակ՝ կոնկրետ կառույցի կողմից, այլ ոչ թե դրա մասին դեպքի վայրում ասեր որևէ ոստիկան կամ ԱԻՆ օպերատորի հետ կապ հաստատած քաղաքացի։

Աշխատանքների առանձնահատկությունն ու ծավալը հաշվի առնելով կարծում եմ, որ բնակչության կամ նրա առանձին խմբերի մոբիլիզացիայի խնդիր չկա։

ԱԻՆ-ի տարբեր ստորաբաժանումների, մարզային վարչությունների, դեռ չեմ խոսում՝ ոստիկանության զորքերի ներգրավման միջոցով, կարելի է աշխատանքը օպերատիվ կազմակերպել։

Բայց կրկնում եմ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և համապատասխան ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձևավորվի, որը կկարգավորի կամավորների հնարավոր ներգրավումից մինչև լուսաբանման հետ կապված հարցեր։

Թեմային ցանկացած անդրադարձ անելիս միշտ պետք է ուշադիր լինել՝ որևէ ձևով չվիրավորել այն մարդկանց հույզերը, ովքեր այս ողբերգական միջադեպի հետևանքով ընտանիքի անդամ, հարազատ կամ ընկեր են կորցրել։ Մեր մի քանի տասնյակ հայրենակից վիրավորվել/վնասվածք է ստացել, իսկ որոշ մարդկանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ցավակցություններս այս միջադեպի հետևանքով մեր զոհված հայրենակիցների հարազատներին և շուտափույթ վերականգնում մեր վիրավոր քաղաքացիներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031