Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ

Օգոստոս 15,2022 09:37

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տասնմեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են վեց տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար, երեք տրակտոր և երկու վերամբարձ կռունկ։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

Ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 5 դի և 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․Մարատ Շահբազյան

4․Սիրարփի Խաչատրյան

5․Մարիամ Խաչատրյան

6․Հարութ Գարաքյան

7․Գագիկ Կարապետյան

8․Արտավազդ Հայրապետյան

9․Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․Վանիկ Ամիրխանյան

13․Անահիտ Խալաթյան

14․Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․Արամ Հարությունյան

16․Դավիթ Մխիթարյան

 

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031