Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր պատգամավորներից Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանն են եկել Աղավնո, զրույցներում ինձ համենայնդեպս այդպիսի բան չեն ասել». Հովհաննես Իշխանյան

Օգոստոս 15,2022 00:36

Ինչպես հայտնի է, այս օրերին մի խումբ երիտասարդներ կազմակերպել են Աղավնոյի ինքնապաշտպանությունը: Նրանք վստահ են, որ եթե գոնե 500 հոգի իրենց ընտանիքներով գնան Աղավնո, բեկում կմտցնեն:

Թե ինչի կհանգեցնի Աղավնոյի ինքնապաշտպանությունը, մամուլում մի քանի սցենարներ են շրջանառում: Մասնավորապես, սցենարներից մեկն այն է, որ նրանց այնտեղից դուրս կբերեն ուժով՝ դա կանեն կա՛մ ռուս խաղաղապահները, կա՛մ Արցախի անվտանգության կառույցները: Արդյունքում այդ էմոցիոնալ ֆոնի վրա կկառուցվեն քաղաքական գործողություններ, որոնք հետո թերևս կմարեն, պարզապես Աղավնո մեկնած մարդիկ կդիտվեն անձնուրաց, նվիրյալ, հայրենասերներ, քաղաքական դիվիդենտներ կշահեն, իսկ նրանց չմիացողները կգնահատվեն դավաճաններ, հանձնողների հանցակիցներ, ժեխեր:

Մոտ 10 օր է՝ Աղավնոյում է նաեւ վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ստացվում է, որ եթե մարդիկ ուզենան մնան իրենց հայրենի տներում, պետք է գան ապօրինի իրենց տներից հանե՞ն: Ես չգիտեմ, եթե նման խոսակցություններ են գցել դաշտում, պետք է իրենց հարցնել, բայց մյուս կողմից եթե հայկական կողմն է էթնիկ զտում անում հայերին, սա նշանակում է, որ շատ ավելի հավանական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն է պահանջել, որ հայերը հայերին էթնիկ զտում անեն: Այն, ինչ հիմա կատարվում է Արցախում՝ հայաթափումը, էթնիկ զտումը, սա հիմք է, որ մենք կարողանանք հետո միջազգային դատարաններում իրենց բերնին տալ: Բայց եթե ուզենանք դա անել, ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ, շատ պարզ է՝ ադրբեջանական կողմն ասելու է՝ դուք եք հանել, հեն է, ձեր նախարարն եկավ՝ Հայկ Խանումյանը՝ յան ազգանունով, ասեց՝ փող ենք տալիս 10 մլն դրամ, դուրս եկեք տներից: Վերջ պրծավ, Ադրբեջանը դուրս է գալիս, որ մաքուր եկել, մտել է հայկական հողեր»:

Սցենարներից մյուսն այն է, որ Աղավնոյի ինքնապաշտպանությունը մեծ էսկալացիայի կհանգեցնի, որտեղ թե՛ Բաքուն, թե՛ նաեւ արդեն այլ դերակատարներ կփորձեն լուծել շատ ավելի լայն քաղաքական խնդիրներ: Կստացվի, որ հայկական կողմից հրահրվում է մեծ էսկալացիա, մեծ հավանականությամբ լարվածության այդ լայն ծավալման թե՛ պատասխանատվությունը կմնա մեզ վրա, թե՛ գինը:

Հովհաննես Իշխանյանի դիտարկմամբ՝ մենք հողերը երբ կորցնում ենք, հող կորցնելու պատասխանատվությունը մեր վրա է մնալու ամեն դեպքում. «Այս ամբողջ պատմության մեջ հայերը մի պատասխանատվություն ունեն՝ իրենց հողը չկորցնելու: Հիմա ամեն ձեւով ինչ-որ տարբերակներ են հորինում»:

Քննարկվող սցենարներից մեկն էլ, թե ինչի կբերի Աղավնոն չլքելը, այն է, որ եթե նույնիսկ թվացյալ Աղավնոն պահվի, Ադրբեջանը սա քարոզչական նպատակներով է օգտագործելու, որ տեսեք, կա ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական բնակավայր ու այդ մարդկանց ոչինչ չի սպառնում, ինչը հետագայում ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու: Հովհաննես Իշխանյանն արձագանքեց. «Ո՞ւմ է ձեռնտու այսպիսի սցենարներ շրջանառեը, որ որեւէ հնարավորություն չկա պահելու՝ Ադրբեջանի՛ն է ձեռնտու: Ադրբեջանն է ուզում այս տարածքները գրավի, մենք պետք է գտնենք ինչ-որ միջոցներ, որտեղ ադրբեջանական սցենարներն իրականություն չդառնան: Հիմա հայախոս մարդիկ զբաղված են ադրբեջանական սցենարներ գծելով, որպեսզի դրանք իրականություն դառնան: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ եթե որեւէ պահի դիմադրություն չեղավ, սա անշրջելի գործընթաց է: Արցախյան ազատամարտի գոյամարտից հետո բոլորս ասում էինք, որ Արցախը մեր հայրենիքի դարպասներն են, եթե կորցնենք Արցախը, հաջորդը Սյունիքն է լինելու: Նրանց Սյունիքն է պետք, որովհետեւ թուրքական աշխարհը այդպես պետք է կապվի իրար հետ՝ Սյունիքի միջոցով: Հիմա ենթադրենք Հայաստանի կողմը դավաճաններ են, Արցախը ոչ մի բան չի կարողանում միայնակ անի, լքված մնացել է, ռուս խաղաղապահը առաքելություն է իրականացնում ու տեսնում է, որ հայերը գնում ու գնում են, ինքը որտե՞ղ պետք է առաքելություն իրականացնի: Խաղաղապահի իմաստն այն է, որ հայ-ադրբեջանական բախումը կանխի, եթե հայ չկա, նշանակում է ինքը պիտի դուրս գա: Միակ էլեմենտը հիմա մնում է ընդվզումը, հանրային պահանջ ձեւակերպելը, որ չենք դուրս գալիս, ախպե՛ր, մեր հողն է, մեր տունն է, դուրս չենք գալիս: Հանրային պահանջի դեպքում արդեն ռուս խաղաղապահն անելիք ունի: Այսպիսի սցենարը, օրինակ, հայկական մտածողության սցենար է, որովհետեւ պետք է մտածել՝ ինչ անես, որ կարողանաս հողը պահես: Մյուս կողմից մինչեւ ամսի 25-ը ժամանակ է տրված, մինչեւ ամսի 25-ը մենք չե՞նք կարող շրջադարձային ինչ-որ բան  անենք: Եթե որեւէ բան չանենք, 100% հանձնվելու է: Իսկ եթե հիմա որեւէ բան անես, գոնե հանձնվելու հավանականությունը փոքրացնում ես: Քաղաքագետ Էդգար Էլբակյանը լավ օրինակ է բերում՝ եթե մարդն ինֆարկտ է ստանում, շտապօգնություն կանչում եք, չէ՞, չեք ասում՝ մեկ է, մեռավ: Ես բոլորին կոչ եմ անում Հայաստանում, որ գան այստեղ, հանրային պահանջ ձեւավորեն, որ տեսնեն՝ այստեղ հայերը մնում են, ուրիշ սցենարներ բանակցեն»:

Ճշտեցինք՝ այսինքն, ավելի վատ չի՞ կարող լինել, եթե չօգնեք՝ նա պատասխանեց. «Մինչեւ ամսի 25-ը մնալը ինչի՞ պետք է հանգեցնի՝ ոչ մի վատ բանի»:

Այս օրերին ընտանիքով Աղավնո տեղափոխված Սուրեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց այցելում են ընդդիմադիր պատգամավորներ ու համոզում են, որ լքեն Աղավնոն. «Արգումենտները լսելուց հետո եղել են նաեւ այսպիսի ցավոտ պատասխաններ, որ ասել են՝ դե հա, հնարավոր է, բայց երկու ամիս էլ պահեցինք, բա հետո՞: Հետո ինչ է լինելու: Այսինքն, մենք մեր հողի, մեր պետականության նկատմամբ մեր վերաբերմունքն ունե՞նք, թե՞ չունենք: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ իշխանության եւ ընդդիմության համատեղ ջանքերով համակարգված ձեւով Արցախը հանձնվում է: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու բոլորին կբացատրեմ՝ ինչու: Միայն գործողությունների բացակայությունը դա ապացուցում է, չհաշված, թե ես ինչ եմ տեսել այս մի քանի օրվա ընթացքում, ինչ վերաբերմունք եմ տեսել»:

Այս առնչությամբ Հովհաննես Իշխանյանն ասաց. «Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներից Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանն են եկել: Իրենց հետ զրույցներում ինձ համենայնդեպս այդպիսի բան չեն ասել, որովհետեւ իմ դիրքորոշումները շատ հստակ գիտեն ու չէին ասի: Բայց նաեւ եկել են Արցախի «Արդարություն» խմբակցությունից պատգամավորներ, խելք խելքի ենք տվել՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել ու տրամաբանական ենք գտել, որ մնալը, այնուամենայնիվ, պետք է: Իսկ համոզողներ… այո,ցավոք, հայ ժողովրդի մեջ նման խասյաթ կա, որ բոլորը բոլորին համոզում են, որ դա հնարավոր չի անել: Ինձ թվում է դա ավելի շատ հասարակագետների խնդիրն է՝ պարզելու, թե ինչու հայ ժողովուրդը չի հավատում իր ուժերին, մանավանդ, որ քրիստոնյա են, իսկ քրիստոնեության սկզբունքներից մեկն է՝ հավատա ու կիրականանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031