Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է․ տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում

Օգոստոս 13,2022 16:40

Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու  քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին մասնակցեցին իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ աշխատող նախկին ու ներկա պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավիճակով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ոլորտներից: Քննարկմանը զեկուցով հանդես եկավ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը, իրավիճակի հասարակական-քաղաքական զարգացումները ներկայացրեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, իրավունքի գերակայության և սկզբունքների մասին խոսեց Ավետիք Իշխանյանը, խոսեցին հեղինակավոր ու պատվարժան մասնակիցներ: Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, քննարկմանը ընթերցեց Ավետիքի ուղերձը Արմավիր ՔԿ-ից, որում, մասնավորապես ասվում է.

«Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները` դատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։ Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից»,-հնչեցրեց քաղբանտարկյալ Չալաբյանի խոսքերը նրա կինը:

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման աննախադեպ իրավիճակին անդրադարձավ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով «ԵԽ-ում տարիներ շարունակ թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք կալանքը, որպես խափանման միջոց, շատ եք կիրառում և դա խոշտանգում է: Այսօր դատարանում իմ աչքի առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը: Աղվան Հովսեփյանը երբեք իմ հերոսը չի եղել, և ես միշտ իր հետ կոնֆլիկտ եմ ունեցել, երբ նա գլխավոր դատախազ էր, բայց երբ երեկ ինձ ասացին, որ մարդը 27 շաքարով, մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս ուշաթափվել է, կոմատոզ վիճակ է: Սա ի՞նչ է, եթե ոչ խոշտանգում: Նույն Ավետիքի մասով՝ սա ուղղակիորեն մարդու նկատմամբ անձնական վրեժխնդրություն է»:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ կալանավորումը ՀՀ-ում, մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, կիրառվում է որպես պատիժ և երբ մարդը, հայտնվելով պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ, պաշտպանվելու նվազագույն հնարավորություն չունի անգամ, եթե քաղաքական իշխանությունը որոշել է մարդուն բանտարկել:

Նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ միջազգային կառույցների արձագանքի պակասը տեղի ունեցող մասսայական ապօրինություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, աշխատանքի բացակայության պատճառով է: Թեմային այլ դիտանկյունից անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, նշելով, որ միջազգային կառույցները արձագանքում են խախտումներին, երբ հանրությունն է ընդվզում դրանց դեմ:

«Երբ իշխանությանը հաջողվեց Սահմանադրական դատարանի նկատմամբ նման կերպ վարվել, նման կերպ վարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, Ազարյանի նկատմամբ հաջողվեց հարձակում կազմակերպել, և հասարակությունը լռեց, դատավորների մոտ անպաշտպանվածության զգացում առաջացավ: Մի հարց, որը ես բարձրացրել էի 2016 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, փոփոխությունների հեղինակների մոտ, թե արդյոք դուք գտնում եք, որ մենք այնքան ժողովրդավարական ենք դարձել, որ կարող ենք դատավորի անձեռնմխելիության շեմն իջեցնել: Եվ փորձը ցույց տվեց, որ ոչ, մենք դրան չենք հասել, և դատավորները սկսեցին ավելի զգուշավոր լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ «Օրագիր» լրատվականի տեղեկատվության հարցմանն ի պատասխան հրապարակված տեղեկատվության, միայն  2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև 2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ, 2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ, 2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ, 2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ, 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ: Այս թվերը բացասական իմաստով ռեկորդային են` անկախ Հայաստանի պատմության մեջ:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ և իրավապաշտպաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031