Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը խափանել Կրակովում թուրք զինվորի խորհրդանշական արձան տեղադրելու՝ նախագահներ Էրդողանի եւ Դուդայի պայմանավորվածությունը

Օգոստոս 13,2022 14:27

2014-2018 թվականներին Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Aravot.am-ին պատմել է իր առաքելության  ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ նշանակալի իրադարձությունների մասին, որոնց շարքում առանձնակի հպարտությամբ է հիշում Կրակով քաղաքում թուրք զինվորի խորհրդանշական արձան կանգնեցնելու մասին երկու երկրների նախագահների արդեն ձեռք բերված պայմանավորվածությունը խափանելը:

«2017 թվականին Լեհաստան պաշտոնական այց կատարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ասեմ, որ Թուրքիան Լեհաստանի համար չափազանց կարեւոր երկիր է, եւ երկու երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի են:

Հետաքրքիր է, որ Էրդողանի այցին ընդամենը մեկ օրվա տարբերությամբ հաջորդում էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Լեհաստան, որին ընդառաջ մենք Լեհաստանի սենատի ճեմասրահում կազմակերպել էինք հատուկ ցուցահանդես՝ նվիրված Լեհաստանում հայ համայնքի 650-ամյակին: Եվ երբ Էրդողանը այցելեց սենատ, ցուցահանդեսն, ըստ էության, արդեն կահավորված էր: Ու ստացվեց այնպես, որ Թուրքիայի նախագահը դարձավ հայկական ցուցահանդեսի առաջին այցելուն, ինչի մասին Արա Բաբլոյանը գեղեցիկ ձեւակերպմամբ ասաց սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահի այցի ժամանակ Լեհաստանի նախագահի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Կրակովում տեղադրվի թուրք զինվորի խորհրդանշական արձան: Եվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնապես դիմել էր Կրակովի քաղաքապետին, որպեսզի համայնքի ավագանին արձանի տեղադրման համար որոշում կայացնի, ինչը ՏԻՄ օրենքի պահանջ է:

Ես այդ մասին մանրամասն տեղեկացա այն ժամանակ, երբ համայնքի խորհրդի որոշման նախագծերը, երբ արդեն հանձնաժողովները քննարկում են, տեղադրվեց քաղաքապետարանի կայքում:  Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ այդ արձանը արդեն գրեթե պատրաստ է եւ շատ խորհրդանշական տեսք ունի. թուրք զինվորը կանգնած է գետնի վրա, իսկ նրա ձին ջուր է խմում Վիսլա գետից: Իմ տպավորությամբ, դա օկուպացիոն խորհուրդ ուներ, որովհետեւ թուրքերը Լեհաստանը զավթելու մտադրություն միշտ ունեցել են:

Պատմությունը հիշատակում է մի նշանավոր պատմական ճակատամարտի մասին, երբ Վիեննայի մատույցներում դեպի Լեհաստան արշավի ժամանակ թուրքերի առաջխաղացումը 1683 թվականի սեպտեմբերի 12-ին կանգնեցրել է Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկին, որի զորքում կռվել են հինգ հազար լեհահայերի հատուկ զորախմբեր: Այսինքն, հայերը ինչպես միշտ, այդ ժամանակ էլ մասնակցել են Լեհաստանի պաշտպանությանը: Եվ պատկերացնել, որ խորհրդանշական թուրք զինվորը ի վերջո հասնում է Լեհաստան, ոտք դնում լեհական հողին, իսկ նրա ձին հանգիստ ջուր է խմում Վիսլա գետից, դա իր մեջ նաեւ  զավթողական խորհուրդ է պարունակում: Մեզ՝ որպես լեհերին բարեկամ ժողովրդի, անհանգստացնում էր նաեւ թուրք զինվորի մեծարման ցանկացած դրսեւորում, որովհետեւ այդ նույն խորհրդանշական զինվորը սպանել է ավելի քան 1,5 միլիոն հայ քրիստոնյաների:

Բայց այս խնդրին դիմակայելու համար մի շատ նուրբ իրավական սահմանափակում կար: Դա այն է, որ տեղական ինքնակառավարումը ԵԽ բոլոր երկրներում պետական իշխանության համակարգի մաս չի կազմում: Հետեւաբար, ՏԻՄ-երը գործում են որպես անկախ, անգամ իրենց կենտրոնական իշխանություններից, ինչպես պետք է լիներ նաեւ Հայաստանում: Հետեւաբար, այլ  երկրի իշխանության ներկայացուցիչ, ինչպիսին դեսպանն է, չի կարող որեւէ կերպ միջամտել տեղական մակարդակում որոշումների կայացմանը:

Այո, ես ազդեցություն գործելու իրավունք չունեի, բայց այդ իրավունքն ունեին Կրակովի բնակիչները: Ընդ որում` ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ մեզ բարեկամ լեհերը: Ես ստիպված եղա ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել՝ ոտքի հանելու մեր հայրենակիցներին եւ բարեկամ լեհերին, Կրակովում ապրող պառլամենտի պատգամավորներին եւ սենատորներին, սեյմի պատգամավորներին, որպեսզի նրանք փորձեին ազդել Կրակովի քաղաքային խորհրդի վրա:

Սկսվեց էլեկտրոնային ստորագրահավաք: Լեհաստանում մի շատ նշանավոր հոգեւորական, որը հայ կաթոլիկ եկեղեցու հարավային տարածաշրջանի հոգեւոր առաջնորդն է եւ Լեհաստանում շատ  ճանաչված նաեւ որպես հասարակական գործիչ, հրապարակախոս՝Թադեուշ Իսակովիչ-Զալեսկին, որին կարդում են հարյուր հազարավոր մարդիկ, նույնպես հանդես եկավ հրապարակախոսական մեծ հոդվածով: Նախաձեռնվեցին ստորագրահավաքներ հայկական կազմակերպությունների կողմից, անհամար նամակներ ուղարկվեցին քաղաքային խորհուրդ:

Ես խնդրեցի նաեւ հայկական արմատներ ունեցող ազդեցիկ  մարդկանց ու գործիչների, այդ թվում նաեւ մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկուն եւ նրա ընտանիքի անդամներին, իսկ Պենդերեցկին Կրակովի պատվավոր քաղաքացի է, որպեսզի նրանք նույնպես իրենց հեղինակությամբ, ազդեցիկ խոսքով փորձեն կանխել այդ ձեռնարկը: Ընդ որում, մենք ազնվորեն ներկայացնում էինք, որ դա մեզ հատկապես հետաքրքրում է  որպես ցեղասպանություն իրականացրած զինվորի հանդեպ վերաբերմունք, որը ցեղասպանություն է իրականացրել քրիստոնյա ժողովրդի հանդեպ:  Իսկ այն ամենը, ինչ կապված է քրիստոնեության հետ,  Լեհաստանում ունի հատուկ ընկալում:  Մենք ազնվորեն ասում էինք նաեւ, որ ցանկություն ունենք կանխելու թուրք զինվորի ներկայությունը լեհական հողում ընդհանրապես:

Ես իմ փաստարկումների ժամանակ հարցնում էի լեհ քաղաքական գործիչներին,  թե արդյո՞ք, Թուրքիայի որեւէ քաղաքում կա լեհ զինվորի արձան: Հետեւաբար, ինչո՞վ է բացատրվում թուրք զինվորի արձանը լեհական հողում: Հիշեցնում էի,  որ Կրակով քաղաքի թագավորական ամրոցում,  որը հիմա թանգարանի է վերածվել, կան լեհ նկարիչների՝ պատմական այն ճակատամարտի գեղանկարներ, որտեղ պատկերված է Յան Սոբեսկու ճակատամարտը թուրքերի դեմ, ինչպես է կանխվել թուրքերի նվաճողական մուտքը Լեհաստան: Այսինքն, մարդիկ թանգարանում պետք է նայեին այդ նկարները, իսկ թանգարանից դուրս տեսնեին նույն զինվորին, որը արդեն հասել է Լեհաստան: Հետեւաբար, լեհական տեսանկյունից ինչքանով է ճիշտ ու ընկալելի դա: Եվ տպավորություն ունեի, որ իմ այդ փաստարկները շատ համոզիչ էին հնչում: Վերջնարդյունքը եղավ այն, որ այսօր 2022 թվականի օգոստոս ամիսն է եւ այդ արձանը տեղադրված չէ»,-պատմեց Էդգար Ղազարյանը եւ ավարտեց իր առաքելության ավարտին Լեհաստանում Թուրքիայի դեսպանի՝ իրեն ասած խոսերով: «Գուցե, պետք չէր հրապարակային խոսել, բայց քանի որ երկար ժամանակ է անցել, արժե ասել, որ երբ ավարտում էի իմ առաքելությունը, վերջին դիվանագիտական ընդունելության ժամանակ, որը Լեհաստանի անկախության 100-րդ տարեդարձի նախագահական ընդունելությունն էր,  ինձ մոտեցավ Թուրքիայի դեսպանը եւ ասաց, որ կարող է մի բան ասել, այն, որ ես լավ  դեսպան եմ եղել իմ երկրի համար: Սա ինձ համար շատ  կարեւոր գնահատական էր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ Քշիշտոֆ Պենդերեցկի եւ  Էդգար Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031