Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող թուրքը վախենա, մենք մեր հողում ենք»․ բնակարանամուտ Շուռնուխում (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 13,2022 13:35

Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրում եռուզեռ է․ տարբեր վայրերից դեռեւս դժվարանցանելի Խոտ-Որոտան ճանապարհով մեծ ու փոքր այստեղ են։ Հայկական զուռնա–դհոլի ձայնն է դղրդացնում շրջակայքը, եռագույնն է ծածանվում, Շուռնուխում բնակարանամուտ է։

Նախատեսված ժամից ուշ են սկսում․ հոգեւոր այրերը դեռ չեն հասել, սակայն ոչ մեկը չի ձանձրանում, զրուցում են միմյանց հետ՝ պարզում շուռնուխցիների տրամադրությունը։ Նրանք մարտական են տրամադրված։

«Աստված տա, որ մենք երբեք ստիպված տներ չկառուցենք, այլ մեր կառուցածին տեր լինենք մեր ամբողջ կյանքում: Շնորհակալ եմ մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին, նաեւ մեր  ժողովրդին, որ ամուր կառչել են հայոց հողի վրա եւ չեն շեղվում դրանից, սա ամենամեծ հայրենասիրությունն է»,- իր խոսքում նշեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Սկսվում է բանալիների հանձնման արարողությունը։ Տեր Մակար վարդապետը հանձնում է Թամարա Մարտիրոսյանին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ Մարինե Մարտիրոսյանին, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ Նվեր Ալեքսանյանին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հարգելի պատճառով ներկա չէ բնակարանամուտին։ Նրա փոխարեն Նիկոլայ Ղուկասյանին բանալին հանձնում է մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը։

Նիկոլայ Ղուկասյանը երեք զավակ ունի։ Գորիսում վարձով էին բնակվում։ Այսուհետ Շուռնուխում են ապրելու։ Զարմանում է լրագրողների հարցադրումից։ «Ինչի՞ց վախենանք։ Թող թուրքերը վախենան, որ մեզնից մի քանի մետր այն կողմ են։ Իրենք են մեր հողի վրա, մենք չենք իրենց հողում մնում»,-ասում է Նիկոլայը։

Մարինե Մարտիրոսյանը բազմազավակ մայր է՝ 4 երեխա ունի։ Գորիսում տնակում էր մնում։  Բնակարանի հարցով դիմել էր Գորիսի համայնքապետարան, առաջարկեցին Շուռուխում տուն։ «Համաձայնվեցի, հիմա իմ սեփական բնակարանը ունեմ։ Ոչ մի բանից էլ չենք վախենում»,-ասում է Մարինեն։

Շենքը երիզող ժապավենը կտրում է Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը՝ գյուղի երեխաների հետ միասին։ Շուռնուխի կենտրոնում չշահագործվող շենքը հիմնականում նորոգվել է համայնքապետարանի միջոցներով՝ մոտ 28 միլիոն դրամ։ Եղել են նաեւ շատ աջակիցներ՝ ոմանք գումարով, ոմանք՝ շինանյութով, մյուսները՝ աշխատուժով։

«Հպարտորեն ասեմ՝ ոչ մի սահմանամերձ գյուղից որեւէ մեկը չի արտագաղթել։ Շուռնուխում կառուցվող տները մի քանի մետր են հեռու թշնամուց, բայց այստեղ մարդիկ մարտական են։ Պետք է կանգնած մնանք մինչեւ վերջ՝ մինչեւ Արցախի ազատագրում։ Մենք ոչ միայն պետք է իրենց տները կորցրած մարդկանց տուն տանք, այլեւ մեծացնենք գյուղը, նոր բնակիչների բերենք։ Ամեն բան պետք է արվի, որ այստեղի բնակիչների կյանքի որակը չզիջի Երեւանի, Գյումրիի կամ Գորիսի կենտրոնում ապրող մարդկանց կյանքի որակին»,- ասում է Գորիս համայնքի ղեկավար  Առուշ Առուշանյանը։ Վերջինիս խոսքով, Գորիսում կա 86 ընտանիք, որոնք դեռեւս ապրում են տնակներում։

«Գորիսում անօթեւան մարդիկ չպետք է լինեն։ Իրենց տան խնդիրը եւս լուծվելու է, նախագծման աշխատանքներ են ընթանում։ Խնդիր ունենք՝ մինչեւ մյուս տարի ավարտել այդ շենքի կառուցման աշխատանքները»,- նշեց նա։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված եռակողմ հուշագրից հետո 13 շուռնուխցու տներ մնացին ադրբեջանական հսկողության ներքո։

Շուռնուխում այժմ կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է 13 տուն։ 170 քմ մակերեսով հինգ սենյականոց տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքի համար։ Մեկ տան հաշվարկով կառավարությունը հատկացրել է 55 մլն դրամ:

Շուռնուխում «Մարդը կարիքի մեջ» («People in Need») չեխական կազմակերպության աջակցությամբ բացվեց նաեւ զարգացման կենտրոն։ «Գորիս քաղաքում ու եւս 6 բնակավայրում նման կենտրոն է գործում։ Նպատակն է երեխաների առօրյան հետաքրքրիր դարձնել՝ զարգացման, կրթական ծրագրերի միջոցով»,-ասում է կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։ «Վորդ Վիժիոն» կազմակերպությունն էլ նույն շենքում երիտասարդական կենտրոն է հիմնել։

Բնակարանամուտից հետո կազմակերպվեց տոնական հյուրասիրություն ու համերգ։ Գորիսի տարբեր բնակավայրեր ներկայացրին իրենց ուտեստները։ Երիտասարդության օրը Շուռնուխում  կազմակերպվեց նաեւ դիսկոտեկ։ Տոնական միջոցառումները կշարունակվեն նաեւ այսօր՝ օգոստոսի 13-ին։ «People in Need»–ի աջակցությամբ բացօթյա համերգ է կազմակերպվել, որտեղ  ելույթ կունենան Արսեն ու Արթուր Սաֆարյանները։

Բացի Շուռնուխի բնակարանամուտից, երեկ Գորիսում կայացավ Արտաշեսյան նորոգված փողոցի բացումը, որը իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։

Բացման արարողությանը հրավիրված էին շատ հյուրեր՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, Քաջարան համայնքի ղեկավար  Մանվել Փարամազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, գործարար, «Աժդանակ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ղազարյանը եւ այլք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031