Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին ԱԺ պատգամավոր է, չէր ընկալում, ասում էին՝ Աբգարի հայրն է, չէր հասկանում». Գեղամ Նազարյանը՝ միջադեպի մասին

Օգոստոս 13,2022 11:36

Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը եւ հայտնել, որ նույն օրը «Գրիգոր Նարեկացի» Բ/Կ-ում  վիճաբանության ժամանակ բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցը հարվածել է իրեն: Ըստ նույն աղբյուրի, Նազարյանից ընդունվել է հաղորդում:

Aravot.am-ը  Գեղամ Նազարյանից մեկնաբանություն խնդրեց միջադեպի վերաբերյալ, խնդրեցինք մանրամասներ հայտնել:

«Այնպես չէ, որ հենց ինձ են թիրախավորել, իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մարդ: Դա պահնորդային ծառայությունների խնդիրն է, թե ում են վերցնում աշխատանքի, ինչ մակարդակի մարդկանց:

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ երեկ Հունաստանից հյուրեր ունեի եւ տարա կենդանաբանական այգի, այնտեղ էլ պահակային ծառայության պետն էր երեխաների վրա գոռում: Սա շատ լուրջ խնդիր է, որ պետք է մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինի, թե ովքեր են ընդունվում աշխատանքի, ինչ-որ կասկածելի մարդիկ»,-ասաց պատգամավորը:

«Իսկ բժշկական կենտրոնում, հարված չի եղել, պարզապես քաշքշուկի ժամանակ, երբ ուզում էի ազատվել, փորձում էր խփել: Ես, իհարկե, չներկայացա, թե ով եմ: Կողքի մարդիկ ասում էին՝ ինքը Ազգային Ժողովի պատգամավոր է, ինքը (անվտանգության աշխատակիցը) չէր ընկալում, ասում էին՝ ինքը Աբգարի հայրն է, չէր ընկալում: Էլի եմ կրկնում՝ այնպես չէ, որ ինձ ճանաչել է, դրա համար է եկել ու սկսել քաշքշել: Պարզապես մակարդակի խնդիր է:

Ես իրենց պետին  էլ զանգեցի ու խոսեցի հետը: Ասացի՝ ձեզ համար եմ ասում, վաղը-մյուս օրը մեծ  խնդրի առաջ կկանգնեք: Եթե այդտեղ երիտասարդներ լինեին, ավելի լուրջ բան կլիներ: Իհարկե,  բժշկական կենտրոնի հետ կապված ոչ մի խնդիր չկա, իրենք էլ էին վատ զգում, այնքան ներողություն խնդրեցին, ինքս անհարմար զգացի:  Իրենք ոչ մի կապ չունեն կատարվածի հետ, ընդամենը պայմանագիր են կնքում պահնորդային ծառայության  հետ»,-հավելեց Գեղամ Նազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031