Սեպտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց այս անգամ էլ է մտադիր մասնակցել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նախորդ ընտրություների արդյունքներով 15 համայնքից մեկում՝ Նոյեմբերյանում, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեցավ քաղաքապետ, իսկ Տաթև համայնքում կոալիցիա կազմելով՝ ունեցան քաղաքապետի տեղակալ։ Փարաքարում դատական պրոցեսի մեջ են, հույս ունեն՝ կհաղթեն ու դարձյալ իրենց թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար։ Մի քանի այլ համայնքներում ունեն ավագանու անդամներ։
Աշնանային ընտրություններին դեռ վերջնական որոշում չունեն՝ 15 համայնքից քանիսո՞ւմ մասնակցեն ընտրություններին և ինչ թեկնածուներով։ Կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը Hraparak.am-ին ասաց՝ այս պահին մասնակցելու հստակ որոշում ունեն դեռևս միայն երեք համայնքի մասով՝ Չարենցավան, Թալին և Գյուլագարակ, մյուսների վերաբերյալ քննարկումների մեջ են, առաջիկա օրերին կհստակեցնեն և կհայտարարեն։
Հարցրինք՝ այդ երեք համայնքներում առաջադրվող համայնքապետի թեկնածուներն իրենց կուսակցության անդամնե՞ր են, թե՞ այդ համայնքների բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով։
«Տարբեր մարդկանց հետ տարբեր ժամանակային քննարկումներ են անցել ներգրավվածության, այս պահին այդ մարդիկ մեր քաղաքական թիմից են»,- ընդհանրացրեց Առաքելյանը։
Կարդացեք նաև
-Ասացիք՝ այս պահին հստակ որոշում ունեք Չարենցավան, Թալին և Գյուլագարակ համայնքներում մասնակցության մասով։ Այս երեք համայնքներից ո՞ր մեկում է, որ ձեր թեկնածուի շանսերը բարձր եք գնահատում, որը կարող է այնքան ձայն հավաքել, որ հավակնի համայնքապետի պաշտոնին։
-Այս պահին զերծ կմնամ, որովհետև դեռ չգիտենք՝ ովքեր են մասնակցում, որովհետև գրանցման փուլը նոր է սկսվել։
-Չարենցավանում, օրինակ, արդեն հայտնի է՝ ովքեր են մասնակցելու, մեկը գործող քաղաքապետ Հակոբ Շահգադլյանն է՝ իր ձևավորած դաշինքով, մյուսը ՔՊ-ն է, երրորդը ձեր կուսակցությունն է։ Հիմա Չարենցավանում ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։
-Դեռ քարոզարշավը չի մեկնարկել, այս պահին զերծ կմնամ գնահատական տալուց, բայց կարող եմ ասել, որ մեր թեկնածուներն ունեն պատշաճ վստահություն։
-Իսկ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել հնարավո՞ր է։
-Ոչ, բացառված է։ Նախորդ ընտրություններում որևիցե տեղ մենք ՔՊ-ի հետ որևիցե ձևով կոալիցիա կամ աջակցություն չենք իրականացրել, դա բացառված է։ Ես ուզում եմ մեկ օրինակ բերել՝ Տաթև համայնքում ՔՊ-ն հավաքել էր 1288 ձայն, մենք և «Շանթ» դաշինքը հավաքել էինք 1289 ձայն, և ընդամենը մեկ ձայնի շնորհիվ մեզ հաջողվեց «Քաղաքացիական պայմանագրին» Տաթև համայնքում զրկել իշխանությունից, և այդ պարագայում պատրաստ ենք ցանկացած ուժի հետ քննարկել հնարավոր համագործակցությունը հանուն համայնքի՝ բացառությամբ գործող իշխանության։ Եթե գործող իշխանությունից մենք գոհ լինեինք, առնվազն քաղաքական գործունեությամբ չէինք զբաղվի և, առավել ևս, համայնքներում մասնակցություն չէինք ունենա։
-Հիմա նույն Չարենցավանում, օրինակ, և՛ գործող իշխանությունն է առաջադրվել, և՛ գործող քաղաքապետը, որն այս դեպքում տեղական իշխանությունն է, ըստ էության, բայց ՔՊ չէ։ Եթե դուք ՔՊ-ի հետ կոալիցիան բացառում եք, հավանական համարո՞ւմ եք գործող քաղաքապետի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ձեր թեկնածուն, որքանով հայտնի է, մշտապես դեմ է արտահայտվել Չարենցավանի քաղաքապետին։
-Ես նորից եմ կրկնում՝ քաղաքական տեսանկյունից բացառում ենք գործող իշխանության հետ համագործակցությունը, մնացած դեպքերում կախված է ստեղծված իրավիճակից։ Համագործակցությունը նույնպես ինքնանպատակ չէ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում