Այսօր՝ օգոստոսի 12-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեցին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Դրանք կյանքի են կոչվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Այս տարի Երիտասարդության միջազգային օրվա խորագիրն էր՝ «Միջսերնդային համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ տարիքային բոլոր խմբերի համար»: Արդյունքում կազմակերպիչներին միջոցառման մասնակից դարձրեցին ոչ միայն իրենց ծրագրերի շահառու երիտասարդներին, այլեւ նրանց ծնողներին. «Բոլոր միջոցառումները համընթաց են տեղի ունեցել: Ծնողների համար կազմակերպված հանդիպում ենք ունեցել հոգեբանի հետ, որն իրենց պատմել եւ ուղղորդել է, թե ինչպես կարելի է աջակցել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Փորձել ենք բոլոր սերունդներին այսօր ներգրավել»,- ասում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հանրային կապերի պատասխանատու Սիրարփի Հայկազյանը:
Միջոցառումն ուղեկցվել է մի շարք ինտերակտիվ քննարկումներով եւ սեմինարներով: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի դասընթացների մասնակից երիտասարդները ծրագրավորման ոլորտում ունեցած իրենց գիտելիքներով կիսվեցին պատանիների հետ, անցկացնելով նաեւ վարպետության դաս: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Վանաձորի, այլեւ Գյումրու երիտասարդները. «Միջոցառումը կարեւոր է նաեւ այնքանով, որ երկու մարզի երիտասարդները հնարավորություն ստացան, բացի մասնագետների հետ շփվելը նաեւ իրար հետ շփվեն, իրենց փորձը փոխանակեն, տեսնեն մեկը մյուսի կատարած աշխատանքը եւ ժամանակ անցկացնել»,- հավելեց Սիրարփի Հայկազյանը:
Տոնին մասնակցող փոքրիկներն էլ հնարավորություն ունեցան կավճանկարների եւ կիրառական արվեստի այլ նմուշների միջոցով ներկայացնել իրենց պատկերացումները տարբեր արդի մասնագիտությունների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Երիտասարդության օրվա գաղափարն առաջարկվել է 1991 թվականին՝ Վիեննայում ՄԱԿ-ի Համաշխարհային երիտասարդական ֆորումի առաջին նիստին հավաքված երիտասարդների կողմից, եւ ներկայումս այն նշում են ողջ աշխարհում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ