Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբվենցիոն ծրագրով եւս մի նորակառույց փողոց Գորիսում (ֆոտոշարք)

Օգոստոս 12,2022 22:32

«Մեր հասարակության մոտ կա թյուրըմբռնում, որ Սյունիք այցելելու ժամանակ պարտադիր պետք է թշնամու դիրքերով անցնեն։ Ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ անվտանգ է։ Մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք։ Մենք առավել շատ պետք է ցանկանանք գնալ վայրեր, որոնք սահմանամերձ են, թշնամուն մոտ, որ թշնամին տեսնի՝ մենք պատրաստակամ ենք, մեր հողի վրա կանգնած։ Թշնամուց պետք չէ վախենալ»,-  օգոստոսի 12-ին Գորիսի վերակառուցված Արտաշեսյան փողոցի եւ խաղահրապարակի բացման արարողության ժամանակ ասաց համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Վերջինիս խոսքով՝ նաեւ նման միջոցառումներով են զարգացնում զբոսաշրջությունը։

Արտաշեսյան փողոցը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով․ 135 մլն դրամի՝ 55 տոկոսը ներդրել է համայնքը, 45 տոկոսը՝ պետությունը։ Ի դեպ, շահագործումից հետո այստեղ վերանորոգման ու բարեկարգման աշխատանք չէր արվել։ Սա միակ փողոցը չէ, որ նորոգվում է։

Համայնքի ղեկավարի խոսքով, այս պահին Գորիս  համայնքում իրականացվում  մոտ 2 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։  Չնայած Արտաշեսյան թաղամասը ամբողջովին ասֆալտապատվել է, կառուցվել է խաղահրապարակ, բայց նախատեսում են թաղամասի հարակից տարածքներն էլ  վերանորոգել։ Կարճ ժամանակամիջոցում Գորիս քաղաքի ծայրամասային բոլոր թաղամասերը, Առուշանյանի հավաստմամբ, պիտի բարեկարգվեն։

Մեկ այլ նախագծով՝ քաղաքի հին պատմական կենտրոնի տեսքն են ուզում վերականգնել ու հիմա միաժամանակ երկու թաղամասում նորոգման աշխատանքներ են։ Վերանորոգվող թաղամասերից երկուսն էլ կոչվելու են Մխիթար Սպարապետի եւ Դավիթ Բեկի անուններով։

Բացման արարողությանը հրավիրված էին շատ հյուրեր՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Քաջարան համայնքի ղեկավար  Մանվել Փարամազյանը,  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, գործարար, «Աժդանակ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ղազարյանը եւ այլք։

Բացի նոր փողոցի բացումից, բնակարանամուտ էր նաեւ Շուռնուխում։ 4 ընտանիք նոր բնակարան ստացավ։ Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031