Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղամոլությունը մարդուն ինքնասպանության դուռն է հասցրել

Օգոստոս 12,2022 21:35

Լրագրող Էրիկ Հակոբյանը շաբաթներ առաջ իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր` անդրադառնալով Արցախում լայն տարածում գտած խաղամոլությանն ու դրա հետևանքով առաջացած հոգեբանական, ֆիզիկական բռնություններին: Գրառման մեջ նա ընդգծել է, որ խաղամոլության հետևանքով ինքնասպանության փորձ են կանխել, այն էլ՝ հերթականը: Սա նաև կապված է պարտքատերերի պահանջների հետ, որոնք, ըստ գրառման հեղինակի, իրենց տված գումարը հետ ստանալու համար ընտրել են մարդուն նվաստացնելու, ծեծելու և վախեցնելու ճանապարհը:

Aravot.am-ը տեղեկություններ է ստացել, որ պարտքատերերը հիմնականում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների հետ ընկերական ու բարեկամական կապերի մեջ գտնվող, խոշոր ունեցվածքի տեր մարդիկ են:

Հուլիսի 26-ին Aravot.am-ը հարցումներ է ուղարկել Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, Աժ նախագահին, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետաքրքրվելով՝ վերահսկո՞ւմ են, ուսումնասիրո՞ւմ են, թե ինչ է կատարվում, և խնդրել էինք խաղամոլության դեպքերի հետ կապված վիճակագրություն՝ առկայության դեպքում, Ներքին գործերի նախարարությանը՝ հստակ ժամանակահատվածի վիճակագրություն տրամադրելու խնդրանքով։ Հարցմանը պատասխանել են միայն ՄԻՊ-ը և Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Ձեր կողմից մատնանշված հարաբերություններում Մարդու իրավունքների պաշտպանը որևէ հսկողական լիազորություններ չունի, իսկ վիճակագրությունը վարվում է Պաշտպանի աշխատակազմի մուտքագրված դիմում-բողոքների հիման վրա, ուստի չի արտացոլում ոլորտում առկա ընդհանուր վիճակը»,- մասնավորապես նշված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կողմից Aravot.am-ին ուղարկված պատասխանում:

Իսկ Ազգային ժողովից էլ հաստատեցին, որ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վերջին շրջանում Արցախում լայն տարածում է գտել խաղաղամոլությունը, որի արդյունքում բնակչության մի ստվար հատված կանգնել է սոցիալական խնդիրների առջև։ «Այդ հողի վրա անգամ ինքնասպանության փորձեր են եղել։ Օգտագործելով հնարավոր լծակները ՝ ԱՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ։ Արցախում գործող միակ օպերատորի՝ Ղարաբաղ Տելեկոմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և սույն թվականի օգոստոսի 1-ից Արցախում արգելափակվել է նման կայքերի հասանելիությունը»,-նշված է Aravot.am-ի ուղարկած հարցման պատասխանում:

Իսկ հոգեբանական և ֆիզիկական բռնությունների մասին վիճակագրական տեղեկություններ ստանալու մասով Ազգային ժողովը հորդորում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից տեղեկություններ ստանալ: Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունից Aravot.am-ի հարցմանը չեն պատասխանել և չեն տրամադրել համապասխան վիճակագրություն:

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031