Երիտասարդների միջազգային տոնը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից` 1999 թվականին, նշվեց Շիրակի մարզի բոլոր համայնքներում՝ հետաքրքիր թեմաներ արծարծող «երիտասարդական չկոնֆերանսներով», տոնավաճառներով, քայլարշավներով, համերգներով, արվեստի գործերի ցուցադրությամբ։
Ամենամեծ միջոցառումները Գյումրիում էին․ դրանք կազմակերպել էր «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որը մեր երկրում այս տոնը նշելու հեղինակն է։
Երիտասարդների հարցերով զբաղվող հենց այս կառույցն է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կազմակերպել երիտասարդների միջազգային օրվան նվիրված տոնակատարությունները՝ այն դարձնելով ավանդույթ ու այսօր արդեն «վարակելով» մյուս համայնքներին։
Գյումրիում երիտասարդների օրը նշվեց տեխնոլոգիական կենտրոնում՝ «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «երիտասարդական չկոնֆերանս»-ով, որի հիմնական բանախոսները երեքն էին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ իր ելույթում ասաց․ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը 2015 թվականից սկսեց իրականացնել տարաբնույթ միջոցառումներ, և այն ժամանակ մեր գործընկերներն ասացին՝ ԵՆԿ-ն «մեղք» ուներ և այդ «մեղավորության» արդյունքում տարբեր համայնքներում սկսեցին այս միջոցառումների շարքն իրականացնել, ինչի համար մենք հպարտ ենք։ Երիտասարդների միջազգային օրը նշվում է՝ փորձելով գոնե մեկ օր ավելի մեծամասշտաբ և հանրահայտ հարթակներում բարձրաձայնել երիտասարդների դերի, կարևորության մասին»։
Արթուր Նաջարյանը երիտասարդներին համարեց «ստեղծարար, լայնախոհ գործիք»։ Ըստ նրա, յուրաքանչյուր պետության զարգացման չափորոշիչներից մեկը որոշվում է երիտասարդների զարգացվածությամբ։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանն էլ ասաց՝ երիտասարդների տոնը նշելը դարձել է գեղեցիկ ավանդույթ, երբ ամառը սկսվում է՝ անհամբեր սպասում են օգոստոսի 12-ին, որպեսզի երիտասարդներով լցվի տեխնոլոգիական կենտրոնի շենքը, և երիտասարդներով շնչի քաղաքը։
Թե ո՞վ է երիտասարդը, թերևս Գյումրիում հնչեց ինքնատիպ պատասխաններից մեկը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, որը ելույթ էր ունենում «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով, իր խոսքում աշխարհի փորձից բազում օրինակներ բերեց, երբ երկրի ղեկը ստանձնել են երիտասարդներ ու հաջողությամբ կառավարել։ Նա կարծիք հայտնեց, որ երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել, այլ հակառակ՝ ընդունել, որ երիտասարդները պետք է առավել ակտիվություն ցուցաբերեն, քանի որ քաղաքականության մեջ երիտասարդացումն անխուսափելի է, և այդ ուղիով աշխարհին համահունչ շարժվում է նաև Հայաստանը։
Ելույթից հետո մարզպետը երկխոսության մեջ մտավ դահլիճում նստած երիտասարդների հետ՝ հարցնելով՝ ի՞նչ է երիտասարդությունը։
Դավիթ Մեջլումյանը, որը օրվա բանախոսներից էր, եկել էր Գյումրի իր հաջող փորձով կիսվելու, վարելու էր «Մոտիվացիան ու ես․ այն, ինչ չգիտես քո մասին» թեմայով աշխատարանը, պատասխանեց․ «Երիտասարդությունը ես անձամբ չափում եմ ոչ թե տարիքով, այլ այն շարժիչ ուժ է, որով հասարակությունը, տնտեսությունը և երկիրը տանում են առաջ։ Բոլոր այն մարդիկ, որոնք դարձել են 50, 60 տարեկան, բայց դեռ խաղի մեջ են, դեռ բեմում են, դեռ փոփոխություններ են անում, առաջ են տանում, դրսևորում իրենց տաղանդը, կարծում եմ երիտասարդության մեծ մասն են կազմում։ Եվ երբ ասում են՝ այս երկիրը շատ երիտասարդ երկիր է, նկատի չունեն, որ տարիքով փոքր է, նկատի ունեն, որ շատ առույգ, ժիր, զարգացող պետություն է»։
Բանախոսներից երրորդը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանն էլ նշեց, որ Հայաստանում վերջին տաս տարիների ընթացքում՝ սկսած 2010-2012 թվականներից երիտասարդների թիվը նվազել է 25 տոկոսով։
«Սա մտահոգիչ փաստ է, եթե ավելի պարզ ասեմ՝ ¼-րդ-ով նվազել է երիտասարդների թիվը։ Հիմնական պատճառը, ըստ մեր ուսումնասիրությունների, արտագաղթն է»,-ասաց բանախոսը: Նա նաև ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները միգրացիայի, ծնելիության, մահվան թվերի մասին։ Այս մասին կանդրադառնանք առանձին։
Հատկանշական է, որ «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով տոնին աշխատարանները վարում էին իրենց ոլորտում մեծ հաջողությունների հասած անձինք, նրանց թվում էր նաև գյումրեցի երգչուհի Մաշա Մնջոյանը։ Երիտասարդների հետ իրենց հաջող փորձով կիսվեցին նաև Երևանից Գյումրի տեղափոխված, իրենց բիզնեսը հիմնած, այս քաղաքի զբոսաշրջության զարգացմանը նպաստած անձինք։
Տոնի շրջանակում կազմակերպվեց նաև «Էքսպո տոնավաճառ», որի ընթացքում բացահայտվեցին տարբեր ուսումնական հաստատությունների կրթական և աշխատանքային հնարավորությունները
Տոնն ավարտվեց ժամանցային ոչ ֆորմալ հավաքույթով՝ տարբեր DJ-ների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն երիտասարդների միջազգային օրվա միջոցառումները կազմակերպել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus +Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ