Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկանը խանգարված տղայիս չեն զորացրում»․ բողոքում է հայրը

Օգոստոս 12,2022 18:11

19-ամյա Հրաչ Ատաշյանի հայրը՝ Զոհրաբ Ատաշյանն, այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել՝ դժգոհելով, որ բազում հիվանդություններ, այդ թվում սուր նյարդային խնդիրներ ունեցող իր որդուն զորակոչել են բանակ, որից հետո վիճակը գնալով սրվել է։ Հայրը «Ասպարեզ» ակումբ էր ներկայացրել որդու հիվանդությունները հաստատող բժշկական բազմաթիվ փաստաթղթերով։

Այդ փաստաթղթերի մեջ կար նաև հոգեբանի եզրակացությունը, համաձայն որի՝ հոգեբանական ախտորոշման ժամանակ տղայի մոտ հայտնաբերվել է բարձր նյարդայնություն, հուզական անկայունություն, վախեր, հաղորդակցման հմտությունների ցածր մակարդակ, նաև հալյուցինացիաներ, ինքնավնասման հետքեր (տես փաստաթղթում

Հայրն ասաց, որ տղայի մոտ հոգեկան խնդիրներ եղել են վաղուց, նա ներառական կրթություն էր ստանալու, սակայն 5-6 դպրոց է փոխել ու չի հաճախել, որի պատճառով իրենց տուն անընդհատ ոստիկանության ու մարզպետարանի աշխատակիցներ են եկել։

Տղայի վիճակը բանակում ծայրահեղ սրվել է, նա անընդմեջ բողոքում է, որ տեսիլք է տեսնում․ 7 տարեկան մի տղա իրեն անընդհատ ուղեկցում է և հրահանգում վատ բաներ անել, մարդ սպանել։

Հոր ներկայացմամբ՝ բացի սուր նյարդային խնդիրներից՝ որդու մոտ մեծացած է լյարդը, բորբոքված է շագանակագեղձը, ունի զոբ, ստամոքսի, աղիների սուր բորբոքում, սակայն այս ամենը հաշվի չեն առնում ու որդուն չեն զորացրում։

«Տղաս բանակ է զորակոչվել հունվարի 30-ից, բոլոր բժշկական փաստաթղթերը ներկայացրեցինք զինկոմիսարիատ, ասին՝ սահմանափակումով մոտ տեղ պիտի ծառայի, սակայն տարան-հասցրեցին ցուրտ ու խոնավ տեղ՝ Սիսիան։ Ասին՝ ընթացիկ բուժում կլինի, բայց արի ու տես՝ երեխու մոտ վիճակը բարդացած է, կարող է մեկին խփել, կարող է չգիտակցելով՝ ինֆորմացիա տալ ու մեր ողջ երկիրը էդ մի երեխու պատճառով կործանվի, ո՞վ պիտի պատասխան տա։ Երբ հարցնում եմ՝ եթե տղաս եկավ զորամաս, մեկին վնաս տվեց, ո՞վ պիտի պատասխան տա, զորամասից ասում են՝ տղադ»,-զայրանում է հայրը։

Նա ասաց, որ որդին գիշերներն ընդհանրապես չի քնում, նստած տեղը դողում է։

«Հոգեկանը լրիվ խանգարված է։ Ինչ գնացել է բանակ, անընդհատ խնդիրներ են եղել, վազելու ընթացքում վատացել, ընկել է վայր։

Զենք կրել չի թույլատրվում ու էսքանից հետո ասում են, թե նա ծառայության պիտանի՞ է։ Մենք չենք խուսափում ծառայությունից, չորս հատ տղա ունեմ, բայց չի կարելի, չէ՞, հիվանդ երեխուն բանակ տանել»,-մղկտում է հայրը։

Զոհրաբ Ատաշյանն ասաց, որ բազմիցս դիմել է պաշտպանության նախարարություն, նույնիսկ թեժ գիծ զանգահարել, սակայն զանգերին չեն պատասխանել, ոչ էլ թույլատրել են նախարարի հետ հանդիպել։ Ի դեպ, հայրը ևս զինծառայող է։

Նա ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը հասցեագրված իրենց դիմումներից մեկի պատասխանը, որտեղ գրված է, որ նախարարի հանձնարարությամբ դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրվել են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից և որ ժամկետային պարտադիր զինծառայող Հրաչ Զոհրաբի Ատաշյանը ստացիոնար հետազոտման և բուժման նպատակով հուլիսի 5-ին ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (Տես փաստաթղթում):

«Տղաս արձակուրդ էր եկել հունիսի 25-ին, սեղան գցեցինք, ուրախացանք, մեկ էլ բողոքեց, որ աչքերի դիմաց սևանում է, ջերմությունը բարձրացավ։ Զանգեցինք շտապբուժօգնություն, տեղափոխեցին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Մուրացանի զինվորական հոսպիտալ, հինգ օր այնտեղ է բուժվել՝ նյարդաբանական բաժանմունքում, որից հետո տեղափոխել են Կանազի հոգեբուժարան։

Հիմա տղաս տանն է, ամիս 19-ին պիտի ներկայանա Կանազի հոգեբուժարան, որ այնտեղից տանեն զորամաս, գուցե երեխես գնա ու էլ հետ չգա՞․․․ Թող ազատեն տղայիս, ես իմ հաշվին բուժել կտամ, էդ պատճառով Մուշ թաղամասում գտնվող տունս եմ վաճառել, պատրաստվում են տնակ գնել։

Շատ նյարդային է երեխան, ընկերների հետ բացարձակ շփում չունի։ Իր մոտ փոքր ժամանակվանից եղած խնդիրները շատ են սրվել․ ինչ Կանասի հոգեբուժարանից տուն ենք բերել, բացարձակ չի քնում, մայրը մինչև աղոթք չկարդա, չի քնի, մի բան խոսես,կցնցվի», -նկարագրեց հայրը։

Հայրը պատրաստվում է դատի տալ, եթե իր բողոքին ընթացք չտան։

«Թող զորացրեն, կտանեմ, իմ ուժերով բուժել տամ, եթե չարեցին, ես դատարանով հարցը կլուծեմ, թող դատաբժշկական փորձաքննություններ նշանակեն, համոզվեն, որ տղաս լուրջ խնդիրներ ունի, տանս կնիք դրած չէր, որ հիվանդություններ հորինեի, թղթի վրա գրեի, կնքեի ու ստորագրեի։ Տարել եմ տարբեր բժիշկների մոտ, ոչ մեկը իր գլխից չի անցել, որ նման հիվանդությունների մասին բժշկական փաստաթղթեր տար»,-ասաց հայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031