Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձը 2023 թ. հունվարից կարող է դիմել աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ստանալու. Բաթոյան

Օգոստոս 12,2022 17:50

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ Ազգային ժողովում վերելակի տեղադրման մասին տեսանյութ էի հրապարակել, շատերն արդարացիորեն գրում էին, որ նման հարմարություններ պետք է ստեղծվեն ամենուր: Հենց այդ նպատակով 2021 թվականին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով ամրագրել էինք խելամիտ հարմարեցումների տրամադրման դրույթը, իսկ երեկ կառավարությունը հաստատեց դրանք ապահովելու կարգը:

Սա նշանակում է, որ 2023 թվականի հունվարից հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող են դիմել գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: Եթե, իհարկե, անձն ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը, ծառայությունների անհատական ծրագրի համաձայն, սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։

Հիշեցնեմ, որ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի, խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը համարվում է հաշմանդամության հիմքով խտրականություն, ինչը արգելված է օրենքով:

Ըստ կառավարության որոշման՝ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը, ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։

Եվս մեկ հիշեցում. եթե ուսումնական հաստատությունը կամ գործատուն անհարկի մերժի խելամիտ հարմարեցումների տրամադրումը, հաշմանդամություն ունեցող անձինք իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունների օգնությամբ կարող են դիմել դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031