«Ազատություն». Սրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ՝ Բաքուն երեք նպատակ է հետապնդում, որոնց ուզում է հասնել ուժով կամ ուժի սպառնալիքով, հայտարարում է Միջազգային ճգնաժամային խումբը, որը տարիներ շարունակ հետևել է ղարաբաղյան խնդրին՝ խոսելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների հետ։
Բաքվի առաջին պահանջը, ըստ փորձագիտական խմբի, վերաբերում է Ստեփանակերտից Հայաստան տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքին։ Ադրբեջանցի պաշտոնյաները, մասնավորապես, ասել են, թե իրենց ընկալմամբ` Երևանը ձգձգում է այդ ճանապարհը շրջանցող նոր երթուղու շինարարությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին նոյեմբերի իննի հայտարարությամբ։ «Նրանք ուզում են հետաձգել Լաչին քաղաքի և մի շարք գյուղերի հանձնումը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Երկրորդ պահանջը փաստացի վերաբերում է Լեռնային Ղարաբաղում առկա զինված ուժերին։ Ադրբեջանն ապօրինի է որակում Ղարաբաղի պաշտպանության բանակն ու պահանջում, որ ռուս խաղաղապահները նրանց զինաթափեն, մինչդեռ Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարում են, թե նման հարց չի դրվել նոյեմբերի իննի հայտարարությամբ։
Տարաձայնություն կա նաև Ղարաբաղից հայաստանյան զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ։ Երևանը հայտարարում է, թե վաղուց է դուրս բերել իր զորքերը, Բաքուն՝ հերքում, վկայաբերելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի կեսերին տված հարցազրույցը, թե Հայաստանը դուրս կբերի իր զորքը մինչև սեպտեմբեր։
Կարդացեք նաև
«Դրանից հետո Երևանը կատաղի կերպով փորձում է հերքել այդ խոսքերը, պնդելով, թե դրանք դուրս են բերվել ընդհանուր համատեքստից»,- գրում է միջազգային խումբն ու նշում, թե այդ նպատակն էր հետապնդում նաև Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունն անցած շաբաթվա կառավարության նիստում, թե ՀՀ զինված ուժերն արդեն դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից:
Ադրբեջանցի ռազմական պաշտոնյաներից մեկն, իր հերթին, Միջազգային ճգնաժամային խմբին ասել է՝ Բաքուն կշարունակի գործողությունները, քանի դեռ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ չի ապառազմականացվել։
Երրորդ պահանջով Բաքուն, կարծես թե, ձգտում է բանակցություններ սկսել Խաղաղության պայմանագրի շուրջ, որով ակնկալում է վերջակետ դնել հակամարտությանն իր օգտին, գրում են միջազգային փորձագետները։ Թեև անցած ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում հայտարարեցին, թե պատրաստ են բանակցություններ սկսել դրա շուրջ, սակայն Բաքվում դժգոհում են, թե այդուհետ դիվանագիտական շփումները շատ դանդաղ են ընթացել։
Խումբը պնդում է՝ վերադարձը պատերազմին դեռ կարելի է կանխել, հնարավոր է նաև աջակցել հակամարտության վերջնական կարգավորմանն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված՝ նոր-նոր սկսվող բանակցություններին, «միայն թե դրա համար անհրաժեշտ է, որ արտաքին բոլոր խաղացողների միջև լինի համաձայնեցված դիվանագիտություն»։
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: