Լրահոս
Օրվա լրահոսը

«Թերեզա Միրզոյանն ընկալվում է որպես մոնումենտալ քանդակագործության մեջ կարծրատիպեր կոտրող անհատականություն»

Օգոստոս 12,2022 17:34

Օգոստոսի 11-ին լրացավ հայ անվանի քանդակագործ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Թերեզա Միրզոյանի 100 ամյակը։

Այս կարևոր օրը «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ և արվեստագետի դուստր՝ նկարիչ, նկարիչների միության անդամ, ՀՆՄ վարչության անդամ Անուշ Առաքելյանի, ընտանիքի անդամների համատեղ ջանքերով կյանքի կոչվեց ինքնատիպ մի նախաձեռնություն, որի շնորհիվ հիշատակվեց մեծ հայուհու անունը:

Ծննդյան օրը մեկնարկեց 100 փաստ 100-ամյակի առթիվ ֆեյսբուքյան արշավով, որի ընթացքում հրապարակվեցին ուշագրավ փաստեր, որոնք ներկայացնում էին մեծ արվեստագետի կյանքի ու գործունեության երևելի դրվագները` հակիրճ, բայց հարուստ և բազմակողմանի տեղեկություն փոխանցելով Թերեզա Միրզոյան կին-արվեստագետի, մանկավարժի և անվանի քանդակագործի մասին, որոնց մասին շատերը տեղեկացան առաջին անգամ:

Հոբելյանական օրվա ամփոփիչ ակորդները տրվեցին մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում տեղակայված «Սիրում է, չի սիրում» գողտրիկ արձանի շուրջ կազմակերպված միջոցառման ժամանակ, որտեղ արվեստի երկրպագուները, ընտանիքի անդամները, հոբելյարին աշակերտած արվեստագետները, բարեկամները և մի խումբ հայուհիներ ոգեկոչեցին նվիրյալ հայուհու վառ հիշատակը:

Ներկաները դիտեցին արխիվային դրվագներ հեղինակի լուսանկարներով, վերհիշեցին քանդակի վերականգնման և տեղադրման պատմությունը, անցորդներին հրավիրեցին մասնակցելու «Սիրում է, չի սիրում» երիցուկախաղին՝ հասկանալու սիրված են արդյո՞ք, թե՞ ոչ` քանդակի նրբիրան հերոսուհու օրինակով:

Թերեզա Միրզոյանի 100 ամյակը իր հեղինակած «Սիրում է, չի սիրում» քանդակի մոտ նշելը խորհրդանշական էր. կանացիության և նրբության մարմնավորող քանդակը ժամանակին երկրորդ կյանք է ստացել. 1991 թվականին կատարված վայրագության հետևանքով կոտրվելուց և գողացվելուց հետո 2012 թվականին վերականգնվել է դստեր՝ Անուշ Առաքելյանի և Գետիկ Բաղդասարյանի շնորհիվ: Քանդակը խորհրդանշում է յուրօրինակ վերածնունդ՝ դառնալով ունեցած արժեքները փրկելու և պահպանելու օրինակ:

Անցորդների անկեղծ հիացմունքը, սպիտակաթյուր երիցուկները, դրական, եթերային էմոցիաները ջերմությամբ էին լցրել մայրաքաղաքի գողտրիկ անկյունը:

Թերեզա Միրզոյանը իր ժամանակին, նաև այսօր ընկալվում է մոնումենտալ քանդակագործության մեջ կարծրատիպեր կոտրող անհատականություն, որի արվեստում գերակշռում են սիրո, մայրության և գարնան թեմաները:

Հայուհիների համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031