Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորը, Սուսն ու Աղավնոն չպետք է հանձնվեն. հայտարարություն

Օգոստոս 12,2022 15:57

Հայկական իշխանությունները` հակառակ Հայաստանի Հանրապետության` ներառյալ Բերձորի և Աղավնոյի բնակչության կամքի` շուտափույթ հանձնում են Բերձորը, Սուս և Աղավնո գյուղերը։ Սրանք պարզ գյուղեր չեն։ Բացի հայրենիք լինելուց` սրանք Սյունիքի դարպասներն են և այս հանձնումով` Սյունիքի մուտքն այլևս ամբողջությամբ բացվում է թշնամու առջև։ Բերձորի հայաթափումը նաև ողջ Արցախի հայաթափման առաջին քայլն է։

Երևանյան և ստեփանակերտյան ռեժիմների` բացահայտորեն դավաճանական գործողությունները ռուս-ադրբեջանա-թուրքական պլանի կատարողականն են և ուղղված են Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնման առաջին փուլն անցնցում իրականացնելուն։

Դա նաև Ռուսաստանի տեսլականում իր համար կենսական ճանապարհի` Ռուսաստան-Թուրքիա ցամաքային միակ անցուղու բացման նախերգանքն է, որ պուտինյան Կրեմլը պլանավորում է իրականացնել Մեղրու կործանարար միջանցքի միջոցով։

Իրականում չկա ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի պարտավորություն հայկական կողմի համար` հանձնելու Սյունիքի արցախյան դարպասները թշնամուն։ Եվ Բերձորի (Լաչինի) միջանցքը Կոռնիձորի միջանցքով փոխարինելը զուտ ռուս-թուրքական նախագիծ է, որ միևնույն է` չպետք է ենթադրեր Բերձորի հանձնում թշնամուն։ Բերձորի, Սուսի և Աղվնոյի վերահսկողության` ադրբեջանական կողմին հանձնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, ոչ մի բացատրություն չի կարող ոչ միայն լեգիտիմ, այլև` տրամաբանական լինել։

Սակայն հայկական ոչ միայն պատմական, այլև իրավական տարածքի այս հայաթափումն առաջինն է իր բնույթով, երբ հայկական իշխանություններն ամեն ինչ անում են, դիմում անգամ ճնշումների` որպեսզի Հայաստանի մի հատվածը ենթարկվի էթնիկ զտման։ Սա ցեղասպանության տարատեսակ է, երբ համաշխարհային պատմության մեջ իր նախադեպը չունեցող հանգամանքով` սեփական կառավարությունը սեփական էթնիկ խմբին` հանուն թշնամու ենթարկում է էթնիկ զտման և աքսորի` ըստ էության` սպիտակ ջարդի։

Ռուսական օկուպացիոն զորքերն Արցախում ամեն կերպ նպաստում են էթնիկ զտման ցեղասպանական այս գործողություններին և հերթական անգամ ապացուցում են իրենց անհավատարմությունն իրենց առաքելության հայտարարած նպատակին և ոգուն։ Հայկական բանակի վերնախավը շարունակում է հլու-հնազանդ գործիք մնալ դավաճանական ռեժիմի ձեռքում։

Հետևաբար` Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ստեղծված իրավիճակում ելքը դարձյալ տեսնում է օրինական մանդատով օժտված միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մեջ։ Ինչպես նաև` Բերձորի շրջանում ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության բարձրաձայնման մեջ։

Ներկայիս գործող իշխանությունը պարտավոր է դիմել Մինսկի խմբի մնացյալ անդամներին սույն պահանջով։ Հակառակ դեպքում հետևող աղետալի դեպքերի ողջ պատասխանատվությունը, ի հավելումն այս իրավիճակի ստեղծման պատասխանատվության, ևս ընկնելու է իր ուսերին։

Ռուսական զորքերը պետք է հեռանան։

Արցախ պետք է միջազգային օրինական խաղաղապահներ մտցվեն։

Բերձորը, Սուսն ու Աղավնոն չպետք է հանձնվեն։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031