Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից հեռանալուց հետո՝ Թուրքիայում բնակվելով տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահին. 2017 թ. հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից՝ կատարել է պետական դավաճանություն

Օգոստոս 12,2022 15:21

ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ, իսկ 2022թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7-ին տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն: Այդ կերպ կատարվել է պետական դավաճանություն, որն  արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում և հավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներում բացահայտորեն հանդես է եկել հակահայկական հայտարարություններով, որոնցում գովաբանել է ադրբեջանական իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, քննադատել 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝ Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո: Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետական դավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ նշված անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031