Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ցույցերով թուլանում են բանակցային դիրքերը, հիմա ցույց չկա, ո՞ւր է ՀԱԿ-ը

Օգոստոս 12,2022 14:44

Երբ խորհրդարանական ընդդիմությունն անցավ փողոցային պայքարի ու «Դիմադրության շարժումը» սկսեց հանրահավաքներ, ցույցեր անել, առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը: Հարց է ծագում՝ արդյոք ներկայիս ընդդիմության առաջնորդները չե՞ն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ»:

Aravot.am-ը ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց՝ հիմա ընդդիմությունը հանրահավաքներ չի անում, հարթակն ազատ է թողել, ներքաղաքական ցնցումներ չկան, բայց տեսնում եք, թե ինչ իրավիճակ է Աղավնոյում ու Բերձորում, բանակցային դիրքերն էլ չեն ուժեղացել ու ՀԱԿ-ին էլ դաշտում չենք տեսնում, ո՛չ դուք եք հարթակը զբաղեցնում, ո՛չ որեւէ ակտիվ գործունեությամբ եք զբաղվում, ստեղծված իրավիճակում Հայ ազգային կոնգրեսը ինչ-որ լուծում ունի՞:

Արման Մուսինյանը պատասխանեց. «Նախագահը իր վերջին հոդվածում ներկայացնելով ներքաղաքական իրավիճակը եւ արտաքին մարտահրավերների վտանգավորությունը՝ մեծ հաշվով ձեւակերպեց իր դիտարկումները, եւ դրան ես ավելացնելու բան չունեմ»:

Ճշտեցինք՝ այսինքն, կապ չունի՞, որ Բերձորում, Աղավնոյում իրավիճակ է փոխվել՝ նա պատասխանեց, որ իր պատասխանը մնում է նույնը ու ավելացնելու բան չունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Արման ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    1997թ.-ի փուլային տարբերակով Լաչինի ամբողջ շրջանը մնալու էր հայկական վերահսկողության տակ, բայց մարդուն հռչակեցին պարտվողական, դավաճան… Հիմա ինչ կարող է անել ՀԱԿ-ը ? Ասենք թե միտինգ արեց, Աղավնոն դրա արդյունքում մեզ է մնալու? Իհարկե, հասկանում եմ Հռիփսիմե Ջեբեջյանի մտահոգությունը, ինքս էլ կողմ եմ, որ ՀԱԿ-ը ակտիվ լինի, բայց մյուս կողմից էլ այդ ակտիվությունը պիտի իմաստազուրկ չլինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031