ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ Արցախ են մեկնել։ Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը որոշ մանրամասներ ներկայացրեց իր գործընկերների այցից։ «Մեր պատգամավորները պարբերաբար գնացել են Արցախ, եւ մեր հանրությունը շատ անգամ այդ մասին տեղյակ չի եղել։ Արցախը ինքնագովազդի տեղ չի, որ ամեն մեկնումը դարձնենք առանձնահատուկ ինչ-որ բան։ Մենք շարունակաբար գնացել ենք եւ գնալու ենք, եթե թույլ տան»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Թե ինչ ծրագրով են այս անգամ պատգամավորները մեկնել, ի՞նչ օրակարգ ունեն Բերձորի հայաթափման առնչությամբ, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Բերձորի հայաթափման հետ կապված մեր օրակարգը եղել է դեռեւս 2020թ․ նոյեմբերի 10-ից։ Այն առաջին օրը «Հայաստան» խմբակցությունով մուտք է գործել խորհրդարան, եւ այդ մասին միշտ բարձրաձայնել ենք։ Ընդդիմությունը պարբերաբար խոսել է այդ մասին։ Իշխանությունը սկզբից չքմեղանում էր, թե այլընտրանքային ճանապարհի մասին որեւէ խոսակցություն չկա։ Այս ամիսներին որքան որ հնարավոր էր՝ բարձրաձայնվել է Բերձորի եւ Բերձորի շրջանցիկ ճանապարհի մասին, մինչդեռ շատերն առաջին անգամ են պարզել, որ նման բան կա։ Շատ ավելի ուշադիր էր պետք լինել եւ լսել ընդդիմության խոսքերը, լինել փողոցում՝ պայքարի մեջ, որ այսօրվան չհասնեինք»։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ հիմա էլ բազմաթիվ այլ վտանգներ կան ապագայի առնչությամբ, որոնց մասին նույնպես ընդդիմությունը խոսում է․ «Ավելի լավ է հիմա անհանգստանալ, ոչ թե պոստֆակտում կայացած փաստի ժամանակ»։
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս համայնքների բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի վերջ լքել բնակավայրը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ