Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանվածները կվերաբնակեցվեն նաեւ Սյունիքում

Օգոստոս 12,2022 12:49

Աղավնոյի բնակիչ Արմեն Հակոբյանն է Գորիսի համայնքապետարան եկել։ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը զրուցում է Սյունիքում բնակվելու ցանկություն հայտնած արցախցիների հետ։

Արմենի ընտանիքը 5 հոգուց է՝ ինքը, կինը, 3 անչափահաս երեխաները։ Սիսիան քաղաքում է ապրելու՝ առայժմ վարձակալությամբ։ 44-օրյա պատերազմի օրերին էլ Սիսիանում տուն էր վարձել ու ընտանիքին Աղավնոյից տեղափոխել այնտեղ։ Չէր հանձնել տունը, հիմա տան կահ–կարասին կտեղափոխի այնտեղ։

Այլ վայրերում բնակվող հարազատները խորհուրդ են տալիս Աղավնոյի տունը վառել, բայց դրա մեջ իմաստ չի տեսնում։ «Դա ի՞նչ օգուտ է տալու մեզ, համ էլ չեն թողնում»,-հարցնում է նա։

Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցների կազմված տարբեր խմբերը քարտեզագրել են մարզի բնակավայրերում ազատ տները՝ առկա հարմարություններով, տնամերձ հողամասերով, գոմերով եւ այլն։ Աշխարհագրությունը մեծ է, ընտրելու հնարավորություն կա՝ Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոտ համայնքներում, Գորիս քաղաքում եւ այլն։

Որոշ տեղեկություններով առաջիկա օրերին իրենց բնակության վայրը լքելու է 114 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 316 մարդ։ «Ներկա պահին մեզ դիմել է 14 ընտանիք, սկսել ենք գույքագրման աշխատանքները, փորձում ենք օգտակար լինել։ Հիմա տրամադրում ենք վառելիք, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բեռնատար ավտոմեքենա»,-ասում է Նարե Ղազարյանը։

Տիկին Էմման թոշակառու է, մեծ տղան զոհվել է 44-օրյա պատերազմում, ապրում է փոքր տղայի հետ։ Զոհված որդու կինն առանձին է ապրում։ Բոլորով տեղափոխվել են Գորիս՝ վարձակալությամբ են մնալու տարբեր տներում։ Վառելիք են խնդրում՝ իրերը տեղափոխելու համար։

10 տարի Աղավնոյի գյուղապետ աշխատած Մյասնիկ Թադեւոսյանի երկու որդիները, դուստրը ամուսնացել ու իրենց ընտանիքներով Աղավնոյում են ապրում։ Ինքը կնոջ հետ է ապրում։ Անցած ամիս «փակովի» տարբերակով՝ պարտքով անասուն է գնել։ «Հիմա, էս խառը ժամանակում եզդիները եկել՝ մեկ կթու կովի համար 250 հազար դրամ են առաջարկում։ Ես էլ որոշեցի չծախեմ։ Տեղափոխվում եմ Սիսիանի Շաքի գյուղ»,-ասում է նա։ 4 բեռնատար միայն ձմեռվա խոտն է։ «Եթե կարող եք, բացի վառելիքից՝ մի քիչ էլ դրամական օգնություն տալ՝ լավ կլինի։ Եթե չէ՝ էլի կլինի»,-ասում է Մյասնիկ Թադեւոսյանը։

Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի՝ շարունակում են հաշվառել այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվելու Սյունիք։ «Մեկ առ մեկ գրանցում ենք բոլորի տվյալները, որպեսզի մշտական կապ պահենք Սյունիք տեղափոխված մեր հայրենակիցների հետ։ Հետագայում էլ նրանց խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում պահենք»,-նշում է Սյունիքի մարզպետի տեղակալը։

Ի դեպ, մարզի կրթօջախներում, բուժհաստատություններում կան ազատ աշխատատեղեր, ցանկության դեպքում՝ Արցախից Սյունիք տեղափոխվողներին նաեւ աշխատանք կառաջարկվի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031