Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի գործունեությունը հիմնականում գաղտնի է. ԱԳՆ-ում են պնդում

Օգոստոս 12,2022 11:08

2022 թվականի մարտի 14-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան: Նշանակման հրամանագրով, Էդմոն Մարուքյանի պարտավորությունների շրջանակը չի ուրվագծվում, բայց դատելով պաշտոնի անվանումից՝ նա հատուկ առաքելություն պետք է ունենա: Արդեն հինգ ամիս է, ինչ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է, սակայն նրա գործունեության մասին պաշտոնական տեղեկությունները սակավ են, եթե չասենք՝ չկան:

Հատուկ հանձնարարություններով դեսպանի գործունեության մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ըստ այդմ, մարտի 24-ին, նա եղել է Բրյուսելում եւ մասնակցել ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ «Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ նաև ես»,-նկարին նման մակագրություն է հավելել Էդմոն Մարուքյանը։

Ապա, հունիսի 2-ին գրել է. «Մասնակցում եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր»:

Հունիսի 10-12-ին Ծաղկաձորում մասնակցել է արտաքին քաղաքականության և լուսաբանման վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» 13-րդ սեմինար-քննարկումը՝ «Տարածաշրջանի նոր մարտահրավերները» խորագրով: «Միջոցառման մասնակից լրագրողները կարողացան անկեղծ ու անմիջական մթնոլորտում, off-the-record ռեժիմով ուղղել իրենց հարցերը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ և ծանոթանալ ընթացիկ արտաքին քաղաքական գործընթացների մանրամասներին»,-գրել է նա:

Այդ օրերին մասնակցել է նաեւ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից կազմակերպված «Կատարինե 2022» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին` «Հզորացնելով կանանց՝ հզորացնում ենք կուսակցությունները»՝ միջկուսակցական պանելային քննարկմանը:

Հունիսի 21-ին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցել է Արևելյան գործընկերության կլոր սեղանին:

Հուլիսի 1-ին էլ լուսանկար է հրապարակել Վիեննայից:

Aravot.am-ը փորձեց պետական գերատեսչություններից՝ ՀՀ կառավարությունից եւ ԱԳՆ-ից ճշտել հատուկ հանձնարարություններով դեսպանի կատարած աշխատանքի, արձանագրած արդյունքների եւ ծախսած գումարների մասին տեղեկատվություն: Մասնավորաբար, խնդրել էինք մանրամասնել՝ պաշտոնավարման օրվանից առ այսօր ի՞նչ գործուղումների է մեկնել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Խնդրել էինք ներկայացնել գործուղումների ժամկետները, առիթները, նպատակները եւ դրանց ֆինանսական հաշվետվությունները: Հնարավորության սահմաններում կոնկրետացնել՝ ի՞նչ հանձնարարություններ է կատարել Էդմոն Մարուքյանը, որպես դեսպան, ի՞նչ արդյունքներ կան գրանցված նրա գործունեության արդյունքում:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից փոխանցել են, որ «…հայցվող տեղեկությունները ենթական են գաղտնագրման…», միեւնույն ժամանակ տեղեկացնում են, որ «հրապարակայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվում է հանրությանը»:

Իսկ կառավարությունից որեւէ արձագանք չենք ստացել՝ տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի անցնելուց հետո էլ:

Իհարկե, տրամաբանական է, որ հատուկ հանձնարարություններով դեսպանը, ինչպես պետական այլ պաշտոնյաներ եւ օղակներ, գաղտնի գործունեություն ծավալի, բայց դրա արդյունքները պետք է տեսանելի լինեն:

Ի դեպ, իր վերջին հարցազրույցներից մեկում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ հատուկ հանձնարարություններ է կատարել իր պաշտոնավարման շրջանում, Էդմոն Մարուքյանն ասել է, որ առաքելությունն այնպիսինն է, որ միգուցե ապագայում կարող է ասել, թե ինքը կոնկրետ ինչի վրա է աշխատում, իր աշխատանքի մեծ մասը չերեւացող է եւ չի էլ կարող երեւալ, բայց, ընդհանուր ձեւակերպմամբ, ինքը հիմնականում աշխատում է միջազգային ֆորմալ եւ ոչ ֆորմալ հարթակներում, որտեղ ինքը մասնակցություն ունի, հայկական կողմի մոտեցումների վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031