Վերջերս վարչապետի նախկին խորհրդական Լեւոն Մազմանյանը «Առավոտում» հրապարակված հոդվածում իրավացիորեն նշել է, որ նախկիններն ու ներկաները գնալով ավելի շատ են մերձենում իրենց գործելաոճով: Նախկինները փոխառել են ներկաներից կարգախոսներով ուղեկցվող պոպուլիզմը, իսկ ներկաները նախկիններից՝ այն հոռի բարքերը, որոնք խարազանելով, իրենք եկել էին իշխանության:
Խոսքը, բնականաբար, նախեւառաջ, կոռուպցիայի մասին է: Ասել, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, իհարկե, անարդար կլիներ: Ենթադրում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ «փող հավաքողները» կանխիկ փողով լցված ճամպրուկներով գնում էին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, եւ վերջիններս համապատասխան վերաբաշխումներ էին անում: Բայց, եթե չկան նման, թույլ տվեք ասել, արքայիկ, «Սոպրանոյի ընտանիքը» սերիալը հիշեցնող կոռուպցիոն դրսեւորումները, ապա դա չի նշանակում, որ այդ արատն իսպառ վերացել է: Մեկ անձից կատարվող գնումների մրցույթներում որոշակի ընկերությունների հաճախակի «հաղթանակները» նույնպես կոռուպցիայի դրսեւորումներ են այն դեպքում, եթե բարձրաստիճան պաշտոնյաների մոտ բարեկամները այնտեղ «ընդամենը տնօրեն» են աշխատում: Նրանք կարող են որպես «ընդամենը պահակ» գրանցվել, դա իրական բիզնեսի իմաստը չի փոխում:
Կամ, վերցնենք այն դեպքերը, որոնց վերջերս անդրադարձել են «Հետքի» մեր գործընկերները: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ ԱՄՆ Մերիսվիլ քաղաքում առանձնատուն է գնել, որի արժեքը կազմել է համարյա 585 հազար դոլար: Այդ պաշտոնյայի գործարար տաղանդները ծաղկել են 2018 թ. հեղափոխությունից հետո, երբ նա տարբեր պաշտոններ էր զբաղեցնում՝ զուգահեռաբար զբաղվելով ճանապարհաշինական բիզնեսով եւ ակտիվորեն մասնակցելով պետական գնումներին: Կամ՝ երեկ հրապարակված դեպքը. Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը 537 մլն դրամի պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ: Կարծեմ՝ Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե կա: Այդ պետական մարմինը միայն նախկիններո՞վ է զբաղվում, թե՞ նաեւ գործող պաշտոնյաներով: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ այդ պաշտոնյաներին ձեռք չեն տա, որովհետեւ նրանք հավատարմորեն ծառայում են ներկա իշխանություններին: Այդպես էր նաեւ մինչեւ 2018 թվականը:
Քանի որ փողաբեր պաշտոններում թե՛ կոմունիստների օրոք, թե՛ ՀՀՇ-ի, թե՛ 2-րդ եւ 3-րդ նախագահների ժամանակ եւ թե՛ հիմա «ինչ-որ հրաշքով» հայտնվում են նույն տեսակի մարդիկ, հակված եմ կրկնել բազմիցս արտահայտած միտքս՝ խնդիրը համակարգային է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բոմժերը՝ դրանք նստակյաց քոչվորներն են եւ քոչվոր նստակյացներն են, սրանց աննորմալ կենսակերպը նրանց այլասերում է, օրինակ պատկերացնենք գնչուներին, որոնք այլեւս չեն քոչում մի տեղից մյուս տեղը եւ ապրում են շենքերի բնակարաններում, էլ գնչուի յուրահատուկ տեսակը այդ բնակարաններում կպահպանվի՞: Իհարկե, չէ՛: Նույնն է թե, քոչվորները պետություններ ստեղծեն՝ ասենք, գնչուների պետություն, սրանից նրանց տեսակը միայն կտուժի:
Իսկ բնիկ ժողովուրդներն էլ երբ իրար հետ փոխանակ համագործակցեն, ասենք, պատերազմում են, սրանից էլ բնիկ ժողովուրդների տեսակն է տուժում: Եկեք համագործակցենք պարսիկների, վրացիների, չեչենների, ռուսների, ուկրաինացիների, անգլիացիների, ֆրանսիացիների հետ: Աֆրիկացիների հետ էլ, բնական է: