Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում երիտասարդների տարիքային շեմը և՛ իջեցնելու, և՛ բարձրացնելու խնդիր ունենք»․ ԿԳՄՍ փոխնախարար

Օգոստոս 11,2022 22:32

Ինչպես հայտնի է՝ վաղը ողջ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված երիտասարդների միջազգային տոնը։ Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հաստատել է որպես երիտասարդների միջազգային օր՝ կարևորելով նրանց դերակատարությունն ու մեկ անգամ ևս աշխարհում բոլոր կառավարությունների ուշադրությունը սևեռելով իրենց երիտասարդությանն առնչվող խնդիրներին։

ՄԱԿ-ը դեռ 1995 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունել է հիմնարար մի փաստաթուղթ՝ երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը։

Aravot.am-ը ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականությունը համակարգող  փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարություն, տարիներ շարունակ խոսվում էր փաստաթուղթ մշակելու մասին։

«Երիտասարդական քաղաքականության ռազմավարություն եղել է մինչև հեղափոխությունը, իրականում եղել է կառավարության արձանագրային որոշում, այսինքն՝ ուղղակի եղել է բարի ցանկությունների  փաստաթուղթ։ Ինչո՞ւ, որովհետև չի ունեցել հստակ գործողությունների պլան, և դրանք չեն եղել չափելի, այսինքն՝ ինչ ենք անում, որ այդ բարի նպատակադրումներին հասնենք։ Հեղափոխությունից հետո՝ վերջին տարիներին, մենք փորձեր ենք կատարում իմաստավորել երիտասարդական քաղաքականությունը, գիտեք ինչ առումով, պետական գերատեսչությունը ինչ դերակատարում պետք է ունենա  երիտասարդների իրավունքների իրացման և կարողությունների զարգացման հարցերում»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարը նաև նշեց, որ կառավարության ծրագրում երբևիցե այդքան մանրամասն չի ներկայացվել պետության երիտասարդական քաղաքականությունը։ Այդ ծրագրում՝ մարզաբնակ երիտասարդության կարողությունների զարգացումը ներկայացված է որպես թոփ առաջնահերթություն։ Եվ քանի որ, ըստ փոխնախարարի, կա կառավարության ծրագրի միջոցառումներն ապահովող  պլանը՝ 2021-2026 թվականների համար, հետևաբար այնտեղ արդեն հենց միջոցառումերի տեսքով գրված է, թե ինչ են անելու։

Այն մտել է միջնաժամկետ ծախսային ծրագիր, հետևաբար և դրանք, Արթուր Մարտիրոսյանի բնութագրմամբ, այսպես ասած՝ ապահովագրված միջոցառումներ են։

«Բայց մենք հիմա ուզում ենք անել համապարփակ վերլուծություն՝ որտեղ ինչ է կատարվում Հայաստանի երիտասարդների տարիքային խմբերում։ Վերլուծությունը մեզ կօգնի սահմանել երիտասարդության տարիքը, իսկ ինչու է մեր երկրում 16-30 և ոչ թե ասենք՝ 12-30։ Մեզ համար կարևոր է, որպեսզի հետազոտության միջոցով արդյունքները դուրս բերվեն և դրանց հիման վրա առաջինը կորոշենք երիտասարդության տարիքը՝ մեր երկրի սպեցիֆիկ խնդիրներից ելնելով։ Այսինքն՝ ինչ տարիքում է մեր մոտ մասնագիտական կողմնորոշումն արվում, ինչ տարիքում են ընտանիք կազմում, երեխա ունենում, այսինքն՝ դեմոգրաֆիկ  հիմնական դատա փաստերից ելնելով, երբ են թեկուզ երկիրը լքելու մասին մտածում, երբ են սեփական տուն ձեռք բերում և այլն, և այլն։ Այս ամեն ինչից ելնելով՝ մենք կորոշենք և՛ տարիքը, և՛ դուրս կբերենք  խնդիրները, նաև լուծումները։

Մեր պատկերացմամբ՝ դրա հիման պիտի ունենանք օրենքի նախագիծ, այն պիտի հասցնենք ներկայացնել Ազգային Ժողով՝ 2023 թվականի նոյեմբերին, որ ընդունվի։  Բայց եթե  հետազոտությունները լինեն, մինչև անգամ օրենքը, դրանք կուղղորդեն մեր նախարարության երիտասարդական քաղաքականության վարչությանը և պետական այլ գերատեսչություններին երիտասարդների խնդիրներն ավելի արդյունավետ հասցեագրելու համար։

Դա իսկապես շատ պահանջված հետազոտություն է, այն պիտի լինի համապարփակ և համադրելի միջազգային տվյալների հետ, այսինքն՝ ՄԱԿ-ի կողմից չափվող կամ եվրոպական մեծ տարածքում կամ այլ տարածքում չափվող, որպեսզի մենք կարողանանք դիցուք՝  ասենք, որ երիտասարդների կարողությունների զարգացումն այս կետից հասցնում ենք այս կետի՝ անելով այս քայլերը»,-ներկայացրեց Արթուր Մարտիրոսյանը։

Մենք փոխնախարարից նաև հետաքրքրվեցինք,  թե երիտասարդների տարիքային շեմը բարձրացնելու մտադրություն կա՞, գործատուներն առիթն օգտագործելով,  որ ՀՀ-ում օրենքով երիտասարդ համարվում են մինչև 30 տարեկան անձիք, սահմանափակում են նրանց աշխատելու հնարավորությունները։

Պաշտոնյան այս հարցի շուրջ արտահայտեց իր անձնական կարծիքը։

«Խնդրում եմ չդիտել որպես ոլորտը համակարգող փոխնախարար, իմ անձնական տպավորությամբ՝ մենք տարիքային շեմը և՛ իջեցնելու խնդիր ունենք, և՛ բարձրացնելու։ Իջեցնելն անհրաժեշտ է, դիցուք՝ վերջին հանրակրթական բարեփոխումների արդյունքում մեր մոտ մասնագիտական կողմնորոշումը իջեցվել է միջին դպրոց․ երեխան ավագ դպրոց ինչ հոսքով գնաց, այդ ուղղությամբ էլ, ըստ էության, շարունակում է։ Այսինքն՝ միջին դպրոցում արդեն ճիշտ կողմնորոշում պիտի ստանա, հետևաբար երիտասարդների տարիքը 18 դարձնել ճիշտ չէ, և նաև մեր մոտ ավագ դպրոցն ավարտում են 18 տարեկանները, իսկ շատ բաներ պիտի արվեն հենց այդ տարիքում։ Երկրորդը՝ այո՛, մենք ծերացող հասարակություն ենք, և մենք չենք կարող 30-ը դարձնել շեմ՝ հաշվի առնելով և՛ ուշ ամուսնությունները, և առաջնեկի ուշ ծնվելը, այսինքն՝ դեմոգրաֆիկ հարցերը, նաև այն հարցը, թե երբ են տուն ձեռք բերում։

Օրինակ՝ այս պահին գործող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով  շահառուների տարիքային շեմը 35-ն է՝ միայնակ մոր պարագայում, իսկ զույգի պարագայում՝ 70։ Այսինքն` էլի էդ խնդիրը կա, ստացվում է, որ շահառումների մեծ թիվ ենք կորցնում, եթե շեմը պահենք 30-ը։ Ամեն ինչի հիմքում պիտի լինի հետազոտություն, թե ինչու է որոշվել երիտասարդների տարիք 16-30 տարեկան, այլ ոչ թե 17-ից 30 տարեկան, 4 ամսական, որոշվել է անհասկանալի հիմունքներով։ Փորձենք գիտական հիմքով առաջ տանենք»,-ասաց փոխնախարարը։

Ըստ նրա, անչափ կարևոր է ունենալ «Երիտասարդության մասին» օրենքը։

«Պետության իրավունքի մասին տեսությունը հուշում է՝ եթե չկա օրենք, լիազորող նորմը չկա ոլորտային ռազմավարություն ընդունելու, հետևաբար ճիշտ է սկզբում լինի օրենքը, դրանից բխի անունը ուզում եք ռազմավարություն դրեք, ուզում եք ազգային ծրագիր դրեք, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման որևէ փաստաթուղթ։ Իսկ օրենք և ռազմավարություն, դրանց բնականաբար պետք է նախորդի հետազոտությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031