«Այսպես կոչված Բերձորի միջանցքի հանձնման համար բավական հետեւողական աշխատանքներ են տարվել նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո: Քարոզչական դաշտում կեղծ տեղեկություն կար տարածված Բերձորը հանձնելու մասին: Մարդկանց մեծ քանակ լքեց Բերձորը ու նորից այդ մարդկանց վերադարձնելը բավական դժվար էր»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
Նա նշեց, որ այլընտրանքային ճանապարհի համար մինչեւ 2023-ը ժամանակ կար. «2022-ի կեսերին արդեն ադրբեջանական կողմը գրեթե 90% հաջողությամբ կառուցել էր ու նոր ճանապարհը պատրաստ վիճակում ներկայացրեց հանրությանը: Մենք ներկայացնում էինք տեսանյութեր, լուսանկարներ ու ասում,որ ադրբեջանական կողմը կասկածելի ճանապարհ է կառուցում: Հայկական կողմից չկար ճանապարհի կառուցման մասին ոչ քաղաքական եզրույթ, ոչ հաստատում: Սրանից կարող ենք ենթադրել, որ կար հստակ դավաճանական պրոցես, որը հանրությունից թաքցվում էր, ներկայացվում էր որպես խաղաղության դարաշրջանի համատեքստ: Այսինքն՝ բոլոր մարտահրավերները թաքցնել հասարակությունից եւ տանել խաղաղության, որը հետագայում իրենց համար նոր զոհերի հնարավորություն կտա: Եվ այդ ճանապարհի կառուցման մասին հայտարարությունները, փաստերը ներկայացնում էին որպես ապատեղեկատվություն եւ փորձում էին հանրության ուշադրությունը շեղել այդ կարեւոր հարցից: Ընդհանուր առմամբ ես Բերձորի միջանցքի հանձնումը տեսնում եմ պայմանավորված քաղաքականությամբ»:
Ըստ Գառնիկ Դավթյանի, պատահական չէ, որ օգոստոսի 3-ի բախումներից առաջ մեկ օր շուտ զորքին դուրս էին բերել Արցախից. «Հակառակորդը կարողանում է մխրճվել այն հատվածները, որոնք վերահսկելի չեն եղել ՊԲ-ի կողմից, որտեղ մարդկային ռեսուրս չի հերիքել պաշտպանության: Եղցահողի համայնքապետը հաստատեց, որ բլուրի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերը ժամանակին չեն եղել եւ մոտ օրերն են առաջ եկել զգալի: Ստացվում է, որ Բերձորի միջանցքի հիմնական նպատակը եղել է ոչ միայն այն, որ ոչ միայն ստեղծել քաղաքական միջավայր, որ դա պետք է տանք, այլեւ անվտանգային զգացական հիմքի վրա են խաղացել: Գյուղացին, կրելով 44-օրյա պատերազմի զրկանքները, տալով այդքան զոհեր՝ այնուհետեւ տեսնում է, որ դիմացի բլուրում ադրբեջանցի չկա, իրեն հոգեպես հանգիստ է զգում: Կարճ ժամանակ հետո դիմացը տեսնում է ադրբեջանցի: Աստիճանաբար վստահությունը դեպի պետություն, դեպի իշխանություն չի լինելու: Վստահ չեն լինելու՝ արդյոք դա հետագայում չի լինելու իրենց սեփական բնակավայրի հետ»:
Ըստ Դավթյանի, Ադրբեջանը հետզհետե Քարագլխի, Սառցասարի բարձունքները վերցնելով՝ նախապատրաստվում է հաջորդ պատերազմին՝ ավելի բարենպաստ դիրքերից. «Ամենահավանական ժամկետը, որը տեսնում ենք, 2025 թվականն է, երբ ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը լրանում է, հատկապես վստահ չենք, որ մինչեւ 2025-ը ռուսները կհասցնեն ուկրաինական հատվածում բարեհաջող ավարտել իրենց ռազմական գործողությունները, անգամ վստահ չենք, որ այդ ժամանակ ռուսական կողմը չի լինի բավականին թույլ վիճակում: Ադրբեջանը, շատ հավանական է, որ ճնշումների արդյունքում, կամ թուրքականի հետ մեկտեղ ստանա քաղաքական, եւ արդեն տարածքային լուրջ ձեռքբերումներ Արցախի մասով, էլ չասենք Հայաստանի մասին»:
Կարդացեք նաև
Ադրբեջանագետի դիտարկմամբ, ցավալի իրավիճակում ենք եւ հասարակությունը սեփական թողտվությունն ու անդամալույծ կարգավիճակը ընդունելով՝ հաստատում է Նիկոլ Փաշինյանի «դավաճանական պրոյեկտը». «Առհասարակ այսօրվա ՀՀ ներքին քաղաքականությունը բավականին «հետաքրքիր» եւ թիրախավորված աշխատանք է տանում Արցախում գործող տարբեր քաղաքական թեւերի հետ: Մասնավորապես, բացի Արայիկ Հարությունյանից, այս վերջերս խոսեցին նաեւ Վիտալի Բալասանյանի մասին՝ զուտ թիրախավորելով այդ մարդուն ու փորձելով ցեխ նետել այն ամբողջ ձեռքբերումների մասով, որը Վիտալի Բալասանյանն է կատարել: Այսինքն` ես տեսնում եմ Արցախի դեմ տարվող հստակ քարոզչություն։ Արցախում ոչ միայն կարգին չէ արտաքին կամ ներքին կայունությունը, այնտեղ ոչ մի բան կարգին չէ: Անվտանգությունն էլ օր օրի հարցականի տակ է դրվում: Ու դրա միակ մեղավորը այսօր ՀՀ դավադիր իշխանությունն է: Ես չեմ կարող վստահ լինել, որ Բերձորի միջանցքի հողերի պայմանավորված հանձնումը չի գալիս ՀՀ իշխանությունների ներքին պայմանավորվածության արդյունքում: Ճանապարհ ասվածը եւ միջանցք ասվածը, այն էլ ներկայացնել 3 տարվա պրոյեկտ, չի համապատասխանում ճանապարհի կառուցման հետ: Ճանապարհը եւ նախագիծը իրար հետ կապ չունեն այնպես, ինչպես խոզը տուռնիկի հետ: Ըստ էության, ամբողջ ծանր իրավիճակը փորձում են նետել Արցախի իշխանությունների գրպանը՝ ասելով՝ Արայիկ Հարությունյանն է մեղավոր, կամ Վիտալի Բալասանյանը, այդ մարդիկ երկրորդական դեմքեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ