Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մարզպետի աթոռին ո՛չ հավակնում եմ, ոչ էլ ինձ պատկերացնում»․ Շիրակի փոխմարզպետ

Օգոստոս 11,2022 17:36

Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սեպտեմբերին 18-ին կայանալիք համագումարից հետո, որի ժամանակ տեղի կունենա վարչության ընտրություն, Շիրակում էլ տեղի կունենա մարզպետի փոփոխություն։

Ըստ խոսակցությունների, այդ պաշտոնում նշանակվելու է Շիրակի ներկայիս փոխմարզպետներից մեկը՝ Ալբերտ Այվազյանը, որն, ի դեպ, 31 տարի շարունակ եղել է Առափիի համայնքապետը։ Նա, շրջանառվող լուրերի համաձայն, իր հերթին պաշտոնի է բերելու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի բարեկամներին։

Այս մասին Aravot.am-ը նույնիսկ ահազանգ էր ստացել, ահազանգողները նշել էին, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը ՔՊ-ում ներկայացնում է Համբարձում Մաթևոսյանի թևը, իսկ վերջինիս բարեկամները, որոնց մեջ կան քրեական հակում ունեցողներ, սկսել են մի այլ կարգի ակտիվանալ Շիրակի մարզում։

Ահազանգողները նաև մատնանշել էին, թե փոխվարչապետի բարեկամներից Շիրակի փոխմարզպետ կնշանակվի Աղաս Մաթևոսյանը, որը Գյումրու ավագանու անդամ է, ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Aravot.am-ը դիմեց փոխմարզպետ Ալբերտ Այվազյանին՝ հետաքրքրվելով, թե կա՞ նման սցենար, որքանո՞վ են իրական այդ լուրերը։

Ալբերտ Այվազյանն ասաց․ «Ես մարզպետի պաշտոնին ո՛չ հավակնում եմ, ո՛չ ձգտում եմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ մարզպետ դառնալու։ Ու այդ ուղղությամբ իմ մտերիմները, ընկերները, բարեկամները ոչ մի աշխատանք չեն տանում, որովհետև ես չունեմ նման մտադրություն։ Որ ինձ մարզպետի պաշտոն էլ առաջարկեն, ես հաստատ կհրաժարվեմ։ Հաստատ համոզված եղեք, որ դա այդպես է, ես հիմա ոչ թե օդի մեջ խոսքեր եմ հնչեցնում, դա իրականություն է։ Ես այդ աթոռին չեմ հավակնում, ինձ չեմ էլ պատկերացնում այդ աթոռին։

Իմ ընկերներից ոչ ոք, չունենալով իմ համաձայնությունը, նման աշխատանք իրավունք չունի տանելու, չի էլ տանում, որովհետև իմ բոլոր ընկերները էթիկա ունեցող մարդիկ են, առանց իմ իմացության՝ նման հայտարարություններ չեն կարող անել։

Իսկ Աղաս Մաթևոսյանն իմ հարյուր տարվա ընկերոջ որդին է, Գյումրու ավագանու անդամ է։ Իմ ընկերը՝ Մաթևոսյան Համբարձումը, եղել է Ախուրյանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահն, երկար տարիներ եղել է Ախուրյանի Ջրառատի սովխոզի տնօրեն, երկար տարի եղել է տրեստի կառավարիչ, բոլոր աշխատավայրերում իրեն որպես մարդ է դրսևորել, կոռուպցիոներ չի եղել, հանցագործ չի եղել, գող չի եղել, նրա աշխատած տարիներին ոչ մի անգամ դատաքննչական մարմինները գործ չեն հարուցել։ Դաստիարակել է լավ երեխաներ և նրա թոռնիկն այսօր մեր երկրի փոխվարչապետն է, վերջը երկրի փոխվարչապետը ծնվել, դաստիարակվել է այդ ընտանիքում, որի մեծը Համբարձում Մաթևոսյանն է։

Նրա զավակներին կրիմինալ բնութագրողները իրենք են կրիմինալ։ Նման բաներ խոսում են այն մարդիկ, որոնք իրականում հանցագործ են»,-ասաց Ալբերտ Այվազյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031