«Ողբերգական ժամանակներ ենք ապրում, ծանրագույն ժամանակներ, թշնամին հետեւողականորեն մտածված ձեւով կոտրում է մեր դիմադրությունը, բայց չնայած սրան, կարծում եմ, որ միշտ կա ելք եւ ճանապարհ այս ամենից դուրս գալու»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով. «Եթե չկա պայքար, ուրեմն չպետք է որեւէ բանի սպասենք: Դրա համար պետք է պայքարել, բայց պայքար ասելով բնավ նկատի չունեմ, որ պիտի պայքարեն միայն այն բնակավայրերում ապրող մարդիկ, ում գլխին իջնում է սուրը: Մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք այդ մարդկանց վրա թողնելու պայքարի հույսը: Ես գտնում եմ, որ եթե Բերձորի, Աղավնոյի բնակիչները մնան բնակավայրերում, հեշտ չի լինի հանձնել մեր շեներն ու գյուղերը:
Մյուս կողմից, դու բարոյական իրավունք չունես, որ մարդկանց ասես՝ իրենց կանանցով, երեխաներով, ընտանիքներով նստեն ու սպասեն՝ չգիտես ինչի: Մենք բոլորս ենք պարտավոր պայքարել հանուն իրենց, ինչը նշանակում է՝ հանուն մեզ: Մի տեսակ Աստծուն դեմ է, եթե չես մտնում ծանրագույն վիճակում հայտնված մարդկանց դրության մեջ: Եթե դու մենակ ես թողնում մեր հայրենակիցներին ու մնում ես խուլ եւ անհաղորդ մարդկանց տառապանքներին, օջախից զրկվելուն, տնավեր լինելուն»:
Կարինե Նալչաջյանը զարմացած է. «Մի տեսեք ինչ արագությամբ են պրոցեսներն առաջ տանում, ասես մեկն ընկել է հետեւներից: Իսկ այսօր անգամ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ էր, որոշ նպաստավոր բաներ պարունակում է մեզ համար: Հիմա վերցրել ու անգամ այդ փաստաթուղթն են շրջանցում: Մենք ասես խաղալիք ենք դարձել չար ուժերի ձեռքին, եւ չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչ անել: Եվ այդ ֆոնի վրա ինչ-ինչ քննադատական խոսքեր են ուղղվում ժողովրդին, որ ժողովուրդը չի արթնանում, ոտքի չի կանգնում:
Կարդացեք նաև
Իհարկե, այդ փաստը կա, եթե այս ամբողջ շարժման ընթացքում մարդիկ իրենց մի քիչ ավելի ակտիվ պահեին, մի քիչ ավելի սրտացավ լինեին, իրենց կոմֆորտ զոնայից դուրս գային եւ գային հրապարակ, շատ հարցեր հնարավոր է լուծված լինեին, գլխավոր հարցը լուծված կլիներ:
Հիմա շատ կան հայրենասեր մարդիկ, որոնք պատրաստ են նվիրաբերել իրենց կյանքը հանուն հայրենիքի, բայց այսօր դրա ժամանակը չէ, մենք պետք է պետությունից պահանջենք, որ տեր կանգնի իր քաղաքացիներին, տեր կանգնի մեր սահմաններին, իրենցից պետք է պահանջել, որ երկիրը պահեն, չծվատեն ու չնվիրեն ուրիշին: Մյուս կողմից՝ այդ պահանջը անհասցե է դառնում, որովհետեւ իշխանություն, որպես այդպիսին, չկա, իշխանություն, որը առաջնորդվում է երկրի Սահմանադրությամբ եւ որի առաջին պարտքն է երկիրն ու իր քաղաքացիներին պահել անվտանգության մեջ»: Հոգեբանն ընդգծում է. «Համար մեկ խնդիրը, որից կախված են մնացած բոլոր հարցերը, այս իշխանություններին հեռացնելն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ