Լրահոս
Օրվա լրահոսը

Մի «Լեքսուսի» պատմություն․ ինչո՞վ է աշխատանքի գնում Շիրակի փոխմարզպետը

Օգոստոս 11,2022 16:00

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը երթևեկում է սպիտակ գույնի «Լեքսուս PX 350» մեքենայով, որը պատկանում է Ախուրյան խոշորացված համայնքին։

Ըստ ահազանգի, փոխմարզպետն այն օգտագործում է որպես ծառայողական՝ մարզպետարան աշխատանքի գնալով հենց այդ մեքենայով։

Մենք պարզեցինք՝ «Լեքսուս PX 350»-ը, որը Ախուրյան խոշորացված համայնքի սեփականությունն է, հուլիսի 15-ին ավագանու որոշմամբ օգտագործման է տրամադրվել Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը (տե՛ս փաստաթղթում)։

Որոշման մեջ նշված է, որ ավագանին հիմք է ընդունել Ախուրյան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանի դիմումը ու մեքենան ամրագրել է հենց նրան։ Ի դեպ, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանը դեմ է քվեարկել։

Ալբերտ Այվազյան

Մենք պարզաբանումներ ստացանք փոխմարզպետ Ալբերտ Այվազյանից՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է խմբակցությանը տրամադրված մեքենան օգտագործվում հենց իր կողմից՝ որպես ծառայողական։

Ալբերտ Այվազյանը պարզաբանեց, որ այդ մեքենան եղել է Առափիի համայնքապետի ծառայողական մեքենան (31 տարի շարունակ համայնքապետը եղել է հենց Ալբերտ Այվազյանը, Ա․Ն․), իսկ խոշորացումից հետո բնականաբար անցել է Ախուրյան խոշորացված համայնքին։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Ախուրյան համայնքի ամենամեծ խմբակցությունն է, ավագանու անդամներն անընդմեջ գյուղեր են գնում, այդ պատճառով էլ դիմել եմ՝ այն մեզ օգտագործման տրամադրելու նպատակով։ Այդ մեքենան ամրացվել է մեզ՝ մեր միջոցներով շահագործելու, մենք համայնքից ոչ մի կոպեկ չենք ուզում՝ ո՛չ բենզինի, ո՛չ վերանորոգման ծախսեր։ Մեր անձնական գրպանի ծախսերով ենք շահագործում՝ եթե ջարդվի, մենք ենք սարքում, բենզինը պրծավ, մենք ենք լցնում մեր գրպաններից, այնպես որ համայնքին ոչ մի նեղություն չենք տալիս։

Ավագանին էլ ձայների բացարձակ մեծամասնությամբ հատկացրել է, չգիտեմ՝ ի՞նչ խնդիր կա, որ բողոքում են։

Երևի ով որ բողոքում է, ինքն ավագանու նիստին մասնակից է եղել, դեմ է քվեարկել, իր սրտով չէ։

Համայնքի գույքը տնօրինում է ավագանին, ավագանին է որոշում՝ այդ գույքը ում հատկացնի, ով պիտի շահագործի, ավագանին էլ ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ է քվեարկել, որ այն ամրացվի Ախուրյան համայնքի ամենամեծ խմբակցությանը»։

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ահազանգն այն մասին է, որ ոչ թե խմբակցությունը, այլ դուք եք օգտագործում այն՝ որպես փոխմարզպետ, Ալբերտ Այվազյանն ասաց․ «Ո՛չ, դա մեր խմբակցությանն է տրամադրված, համայնքներ ենք գնում, ժողովրդի հետ հանդիպման ենք գնում, մեր խմբակցության որևիցե մի անդամ բողոքե՞լ է, որ մեր խմբակցությանն ամրագրված մեքենան իրեն պետք է եղել, որ ասենք՝ գնա Սարիար, խմբակցության ղեկավարը չի տրամադրել։ Որին երբ պետք է՝ տրամադրում ենք, չկա մի մարդ, որին պետք լինի, չտրամադրվի․ եթե ունի վարորդական իրավունք, ինքն է քշում, եթե՝ չէ, մեր խմբակցությունից վարորդական իրավունք ունեցող մարդու հետ ենք ճանապարհում, որ գնա։

Բողոք ներկայացնողն ընկել է ծովը, ձեռքը գցել փրփուրներին, թող հա էլ բողոք գրի, ի սեր Աստծո, ամեն ինչ օրինական է»,-ասաց փոխմարզպետը։

Նա նաև հիշեցրեց, որ 31 տարի ծառայել է Առափի գյուղի բնակիչներին, իսկ այդ մեքենան, ըստ էության, եղել է իր ծառայողականը։

«Ես ծառայել եմ Առափի գյուղի ժողովրդին, չեմ աշխատել, այլ ծառայել, դա ամբողջ մարզը գիտի, ամբողջ երկիրը, էլ չասեմ Առափի համայնքի բնակչությունը։ Ես ղեկավար չեմ եղել, այլ իրենց ծառան եմ եղել, գիշեր-ցերեկ եմ ծառայել։

Եթե ավագանին փոշմանել է, որ հատկացրել է, թող նորից դնեն քվեարկության, դուք էլ եկեք, մասնակցեք, որպեսզի համոզվեք, որ մենք ո՛չ պարտադրել ենք, ո՛չ հոխորտացել ենք, ո՛չ գոռացել, ընդամենը պաշտոնական գրություն ենք գրել համայնքի ղեկավարին, որ խնդրում ենք այս հարցը քննարկել ավագանու նիստում և հատկացնել համայնքի ավագանու ամենամեծ խմբակցությանը։ Այդ բողոք գրողները մեքենաներ չե՞ն օգտագործում, քանի՞ հատ են օգտագործում, ի տարբերություն իրենց՝ մեր ծառայողական մեքենան օրինական են հատկացված»։

Արծրուն Իգիթյան

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, դաշնակցական Արծրուն Իգիթյանի հետ։ Նա հաստատեց, որ այդ մեքենան ամրակցված է եղել Առափիի համայնքապետին։

«Իրենք հարց բարձրացրեցին՝ տրամադրել խմբակցության աշխատանքները կազմակերպելու, մենք էլ դրեցինք ավագանու քննարկմանը, ավագանին որոշեց հատկացնել։ Ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ի վիճակի չեմ հետևելու մեքենայի շարժին, թե ինչքանո՞վ է նպատակային օգտագործվում, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները իրենք պիտի առաջնահերթ դա անեն, իրենք պիտի զգան՝ նպատակային օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Արծրուն Իգիթյանը։

Մեր հիշեցմանը, թե դուք դեմ եք քվեարկել ավագանու այդ որոշմանը, Արծրուն Իգիթյանը պարզաբանեց, որ իր կարծիքով՝ այս համակարգը հնարավորություն է տալիս այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք շատ անգամ չեն բխում ժողովրդի և ընդհանուր համայնքի շահերից։

«Հիմա կուսակցական ընտրություն է, ավագանու որոշումներ էլ կուսակցական հարթության վրա են կայացվում, այնպես չէ, որ համայնքի ղեկավարի կարծիքը կարող է հիմք հանդիսանալ, հիմք ընդունվել», -ասաց Արծրուն Իգիթյանը։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ավագանու անդամը (տվյալ դեպքում խմբակցության ղեկավարը) կարո՞ղ է համատեղել փոխմարզպետի պաշտոնը։ Արծրուն Իգիթյանն ասաց, որ կոնկրետ այդ հարցը բազում անգամ քննարկել են, Ալբերտ Այվազյանի պաշտոնները համատեղելու հարցն այժմ քննարկում է Հակակակոռուպցիոն կոմիտեն։

«Համապատասխան որոշում կկայացվի, պարզ կդառնա բոլորին՝ համատեղելի՞ է, թե՞ ոչ»,-ասաց Արծրուն Իգիթյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031