«Մենք պատերազմից եւ բոլոր այն արհավիրքներից, որոնք եկել են մեր գլխին` որեւէ կերպ հետեւություն չենք արել. խնդիրներ կան թե ընդդիմությունում, թե իշխանությունում, առհասարակ, ամեն տեղ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն՝ անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի շուրջ ստեղծված իրավիճակին: Արցախի իշխանությունները տեղի բնակչությանը հրահանգել են՝ մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը, որպեսզի դրանք հանձնվեն Ադրբեջանին:
Այս ամենը, ըստ բանախոսի, փաստում է մեկ բան՝ հայկական կողմերը շարունակում են պարտվել, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո թե քաղաքական ուժերը, թե շարքային քաղաքացիները շատ բան իրենց մոտեցումներում եւ պատկերացումներում պետք է վերանայեին:
Բանախոսի գնահատմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո խնդիր կա քաղաքացիների հետ հաղորդակցության. «Մարդկանց հետ ուղիղ եւ պարզ չեն խոսում, ոչ մի բան չեն բացատրում»: Հայկ Դերզյանն օրինակ է բերում հենց Լաչինի միջանցքը շրջանցող ճանապարհի կառուցումը. նա կարծում է, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունները գիտեին ճանապարհը հանձնելու մասին, բայց ասում էին, թե դեռ 2-3 տարի կա, շրջանցող ճանապարհ պետք է կառուցվի եւ այլն, սակայն, մեր հատվածում ոչ մի շինարարություն էլ չի ընթանում:
ՀՀԿ-ական գործիչը տարակուսում է, որ մեր պատմության մեջ ամեն ինչ նույնությամբ կրկնվում է եւ «տեսնեմ Անին ու նոր մեռնեմը» փոխարինվել է «վերջին անգամ գնանք Բերձոր, Աղավնո»-ով: Հայկ Դերզյանը նաեւ չի հասկանում այն գործիչներին, ովքեր կոչ են անում՝ այժմ գնալ Բերձոր կամ Աղավնո. իր կարծիքով, բացի «ֆեյսբուքյան լայքից», ուրիշ ոչինչ այդ միտքը չի տալիս. «Մենք ապրում ենք մարադյորական հայրենասիրության դարաշրջանում, մարդիկ լայքի համար իրենց թունդ հայրենասեր են զգում, մինչդեռ ո՞ւր էին այդ մարդիկ, երբ պետք էր պայքարել այս իշխանության դեմ»:
Կարդացեք նաև
Երիտասարդ ՀՀԿ-ական գործիչը տխուր իրողություն է փաստում, որ մենք ապրում ենք ֆեյքապետության մեջ, երբ կարծում ենք, թե ուժեղ ազգ ենք, զարգացած ենք, կրթված ենք, կարծում էինք, որ մեր գեներալիտետը հզոր է, իրենց ցավն էինք տանում, երբ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ Օնիկ Գասպարյանին էինք մեծարում՝ ասելով, որ դեմ դուրս եկավ իշխանությանը։ Բայց իրական ցուցանիշներն այլ բանի մասին են փաստում՝ «բոլորը սովորական քաղաքական առեւտրականներ են»: Սակայն, Նիկոլ Փաշինյանի բնույթը լավ իմանալով, բանախոսը վստահ է՝ «այդ առեւտուրը մի օր բոլորի քթից էլ գալու է՝ հերթով-կարգով»:
Հայկ Դերզյանը կարծում է, որ այժմ էլ փրկիչներ փնտրել պետք չէ եւ սին հույսեր տածել, որ այս իշխանության գնալով՝ ամեն ինչ փոխվելու է, դարձյալ պետք չէ: Որ գործող իշխանությունը պետք է գնա՝ նա անառարկելի է համարում, քանի որ այն տապալել է բոլոր օրակարգերը, բայց բազմաբնույթ խնդիրները կան եւ դեռ մնալու են ու դրանք լուծումներ են պահանջում: Երիտասարդ գործչի համար մի բան պարզ չէ՝ դա ՌԴ-ի լռությունն է, երբ Ադրբեջանը խախտում է, չի կատարում, կամ շրջանցում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, քանի որ դրանով ոչ միայն Հայաստանին է ապտակում, այլ նաեւ ՌԴ-ին: Եվ եթե այդ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը շարունակում է լուռ զիջել եւ կորցնել, ստացվում է՝ «այդ հայտարարությունը մուլյաժ էր, ինչ-որ այլ գործընթացների համար»: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ են ՀՀ եւ Արցախի իշխանությունները շարունակում լռել եւ գործընթացների մասին չեն խոսում:
Անդրադառնալով ընդդիմությանն էլ, բանախոսն ասաց, որ ընդդիմությունն առաջին հերթին պետք է ինքնամաքրվի եւ ձերբազատվի «հայրենիքը փրկող մարադյորներից», այնպիսի մարդկանցից, ովքեր իրենց խոսքի տերը չեն եւ պատրաստ չեն մինչեւ վերջ պայքարել: Նա անուններ չտվեց, բայց ասաց, որ «Դիմադրության» շարժման այդ մասնակիցները հիմա լսում են իր խոսքը եւ շատ լավ հասկացան, թե Պռոշյան-Դեմիրճյան հատվածից ովքեր էին փախուստի դիմում:
Երիտասարդ գործիչը ուզում է Հայաստանում ռացիոնալ, իրատես իշխանություն, որը կպայքարի Հայաստանի եւ Արցախի համար, ոչ թե պոպուլիստներ, որոնք ՌԴ-ի, Արեւմուտքի կամ մեկ այլ կենտրոնի հինգերորդ կետում տեղավորվելու պայքար կտանեն: Իսկ դրա համար պետք է, որ մարդկանց հոգեբանությունը փոխվի, քաղաքական այնպիսի «աբիժնիկություն» չպետք է լինի, որ երբ երեկ Հայաստանի շախմատի հավաքականը վերադարձավ հաղթանակած, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասի՝ «մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ հաղթանակի համար աստղի ներկայությունը պարտադիր չի թիմում»՝ նկատի ունենալով Լեւոն Արոնյանին, այն դեպքում, երբ հավաքականի անդամները օդանավակայանում հայտարարեցին, որ Լեւոն Արոնյանը միշտ իրենց կողքին է եղել : Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը երեկ լռել է նաեւ այն մասին, որ օդանավակայանում շախմատի հավաքականի տղաներին դիմավորել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ