ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այն այս տարի մեծ շուքով կնշվի հատկապես Հրազդան քաղաքում, որը հռչակվել է Հայաստանի 2022թ Երիտասարդական մայրաքաղաք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում նշեց, որ կառավարությունը փորձում է ապակենտրոնացնել երիտասարդական միջոցառումները, դրանք իրականացնել մայրաքաղաքից դուրս եւ ուղղել դեպի մարզեր:
Նա ընդգծեց, որ իրենց հանդիպումները երիտասարդության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ հանգեցրել են այն մտայնության, որ իրականում պետական աջակցությամբ տարբեր ծրագրերի մասին կա թույլ իրազեկվածություն, եւ մարզային բնակավայրերում շատ երիտասարդներ տեղեկացված չեն նման միջոցառումների մասին: Հավելեց, որ այդ նպատակով վաղը իրազեկման արշավի շրջանակում հանդիպում կկայանա Հրազդանում երիտասարդների հետ:
Վերոնիկա Խորասանյանը մի հանգամանք առանձնացրեց. «Քսանից ավելի միջոցառումների մեջ կարմիր թելով անցնում է այն, որ միջոցառումների մեծ մասը վերաբերվում են հատկապես մարզաբնակ երիտասարդությանը»:
Կարդացեք նաև
Նա, ի թիվս այլնի, անդրադարձավ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծմանը, ասաց, որ շուտով երկու երիտասարդական կենտրոն կբացվի Իջեւանում եւ Մեղրիում. «Նման կենտրոնների ստեղծմամբ նախատեսում ենք ճարտարապետական ցանց ստեղծել, որոնք կլինեն մեր օժանդակող ձեռքերը»:
Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը ներկայացրեց Հրազդանի՝ որպես երիտասարդական մայրաքաղաք, մրցույթի մասնակցության նախապատմությունը: Ասաց, որ առաջին անգամ 2019թ-ին էին դիմել, սակայն զիջեցին Կապանին, թեեւ sms հաղորդագրություններով առաջին տեղում էին. «Համայնքապետարանը 2021-ին էլ դիմեց ծրագրին, եւ Հրազդանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության 2022 թ երիտասարդական մայրաքաղաք: Հուլիսի 30-ին բացման հանդիսավոր արարողությունը եղավ, վաղը եւս ակնկալում ենք ոչ միայն Հրազդանի տարածաշրջանի, Կոտայքի մարզի, այլեւ ողջ հանրապետության երիտասարդական հկ-ների, ակտիվ երիտասարդների, մեր բոլոր հայրենակիցների մուտքը Հրազդան՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու»:
Տոնակատարության մեկնարկը կտրվի ժամը 10-ին՝ Հրազդան քաղաքի Սպանդարյան-Երեւանյան փողոցների խաչմերուկից՝ սպորտային միջոցառմամբ, այնուհետեւ Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքում կկայանա «Տեղեկատվական օր. երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ»: «Ժամը 14-18-ը նախատեսված է սթրիթ արտ վարպետության դաս՝ Արեգ Բալայանի հետ՝ Կոտայքի ինֆոտանը, ապա Շարլ Ազնավուրի անվան քաղաքային զբոսայգում սթրիթ արտի ամփոփումը կլինի: Մեր քաղաքային զբոսայգին հայտնի է «Եղեւնիների պուրակ» անվամբ: Շրջայց է նախատեսված Հրազդանի տեսարժան վայրերով, Հրազդանը 1959-ին է ձեւավորվել իբրեւ քաղաքային համայնք: Նաեւ տոնակատարության շրջանակում բացօթյա ինտերակտիվ խաղ է նախատեսված: Ամենավերջում օրը կեզրափակվի Սահմանադրության հրապարակում՝ «Նեմրա» խմբի համերգով»,-Հրազդանում նշվող տոնը ներկայացրեց Արմեն Այվազյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ