«Այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով պետական գնումներին մասնակցող ճանապարհաշինական աշխատանքներին։
«Շամբ-Լծեն ճանապարհահատվածում ունենք 6 կիլոմետր, որը բավական ժամանակ է մրցույթ շահող ընկերություն կա, որոշակի աշխատանքներ է անում, բայց մենք դժգոհ ենք տեմպի հետ կապված եւ ունենք Լծեն-Տաթեւ հատվածում երկու շինարարական ընկերություն, որոնցից մեկը 4 կմ-ից ավելի արդեն ասֆալտապատում իրականացրել է, հավանաբար սեպտեմբերին եւս 10 կմ կավարտի՝ երկու շերտ ասֆալտապատմամբ։ Երկրորդ շինարարի հետ դժվարություն կար, դանդաղություն կար, բայց մոտ քսան օր է՝ բավական լավ տեմպ կա»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ գլխավոր խնդիրը Լծենից Շամբ հատվածն է, ըստ պայմանագրի, այդ հատվածը նոյեմբերին շահագործման պետք է հանձնվի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, երբ պետական գնումների համակարգի բարեփոխումն էին քննարկում, գաղափար եղավ, որ որպես գործոն հաշվի առնվի նաեւ տվյալ փուլում ընկերությունների ծանրաբեռնվածությունը․ «Որովհետեւ, ցավոք, հիմա որոշ տեղերում նկատում ենք իրավիճակ, երբ ընկերություններն ինքնամոռաց մրցույթներին մասնակցում են, հաղթում են, հետո ժամկետների առումով պետական պատվերն իրականացնելու խնդիր են ունենում։ Եթե ժամկետում չհասցնի, մենք մեխանիզմներ ունենք՝ սեւ ցուցակ, բանկային երաշխիք, բայց դա մխիթարություն չէ, որովհետեւ մեզ պետք չէ բանկային երաշխիքը հետ քաշենք կամ տուգանենք կամ սեւ ցուցակ գցենք։ Մեզ ճանապարհն է պետք։ Մեր խնդիրն է, որ նախատեսված ժամանակում մեր ճանապարհը հանձնեն մեզ՝ պատշաճ որակի»։
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ այսօր էլ շինարարական բում է Հայաստանում, բոլոր ճանապարհաշինարարական ընկերությունները շատ լրջորեն ծանրաբեռնված են, այսինքն՝ ունեն պատվերներ․ «Պատվերներ ունենք, որ այսօր մտավախություն ունենք, որ էլի մրցույթ է լինելու, էլի ինչ-որ մեկը հաղթելու է եւ չի իրականացվելու»։
Սանոսյանն էլ հաստատեց, որ այդ խնդիրը կա, եւ փորձում են գործընկերների հետ որոշումներ են փորձում անցկացնել՝ գնումների վերաբերյալ․ «Այն ընկերությունները, որոնք մրցույթի արժեքից բավական շատ խնայողություն են տալիս, նրանց մոտ պետք է կրկնակի հսկողություն սահմանել եւ հասկանալ՝ ինչի հաշվին կարող են այդքան ցածր արժեքով որակյալ աշխատանք տալ։ Այսօր այն, ինչ կառավարությունն ուզում է, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում։ Նախորդ տարի ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվել էր 33 միլիարդ, շինարարները կարողացան 21 միլիարդի աշխատանք անել։ Այս տարի հատկացվել է արդեն 60 միլիարդ դրամ։ Այս գումարը հատկացնելուց առաջ թե՛ բանավոր, թե՛ գրավոր տեղեկացրել ենք, բոլորը գիտեն, որ մենք 500 կմ եւ ավել ճանապարհ ենք կառուցում, դա ենթադրում է, որ մեր շինարարները պետք է անընդհատ իրենց հզորությունները մեծացնեն։ Վերջերս բոլորին հրավիրել ենք նախարարություն ու ասել` այն երեւույթը, որ ձեզ կթվա, թե դեկտեմբերին կներենք, որ այս ամառը չաշխատեցիք եւ ծրագիրը կտեղափոխենք 2023 թվական, այդպես չի լինելու։ Կպատժենք, պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սեւ ցուցակ։ Անբարեխիղճ շինարարները պետք է հասկանան, որ չեն կարող այդպես աշխատել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ