«Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ կառավարության դիմաց էին՝ բողոք բարձրաձայնելու Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների հայաթափման առնչությամբ։
Հիշեցնենք, որ բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի վերջ ազատել բնակավայրերը։
Արցախը Հայաստանին կապող միակ ռազմավարական եւ մարդասիրական միջանցքի կարեւորության մասին հայտարարությունը նամակի տեսքով հանձնվեց կառավարությանը։
Նամակում նշված է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն Ադրբեջանը շարունակաբար խախտել ու խախտում է, իսկ հայտարարության 6-րդ կետի խախտմամբ՝ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակչության առաջ դրվում է ապօրինի պահանջ, ըստ որի՝ հայ բնակչությունը ստիպված է լքել հայրենի տները։ Սա, ըստ նախաձեռնության անդամների, նպատակ է հետապնդում խաթարելու Արցախը Հայաստանին միացնող միջանցքի կարգավիճակը։
Կարդացեք նաև
Նամակում նաեւ գրված է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց, ահաբեկող, սպանություններով ու պատանդներ վերցնելով զուգորդված ու ռազմականացված քաղաքականությունը, ինչպես նաեւ ՌԴ խաղաղապահ առաքելության դիտավոր անտարբերությունը, նախաձեռնության անդամները ՀՀ-ի եւ Արցախի հանրապետության կառավարություններից պահանջում են․
-Չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից, այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից՝ որպես վերոնշյալ հայտարարության իրականացում։ Հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով, միջանցքի երկայնքով նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո եւ Սուս հայկական բնակավայրերը։ Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ եւ նշյալ հայտարարությամբ այն չի կարող իրականացվել առանց քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ։
-Չտրվել ադրբեջանական ահաբեկումներին եւ չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։
-Թույլ չտալ Արցախի իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները։
-Մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում։
-Կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Բերձորի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, թույլ չտալ խաթարել մարդասիրական միջանցքի կարգավիճակը։
-Չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք ի վիճակի չեն կատարել իրենց ստանձնած խաղաղապահ առաքելությունը։
-Ներգրավել Բերձորի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելություն՝ որպես էթնիկ զտումներից խուսափելու գործուն մեխանիզմ, կյանքի և սեփականության իրավունքների երաշխիք։
-Բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների եւ ահաբեկչությունների մասին։
«Ակնկալում ենք, որ կառավարությունից սեղմ ժամկետներում մեզ պատասխան հղեն»,-հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը՝ նամակը կառավարության ընդունարան հանձնելուց հետո։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ