Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները ֆեդերալ կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան

Օգոստոս 11,2022 13:05

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը համատեղ ստորագրեն են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։

Նամակում, մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։

Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաև ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։

Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը հայտարարել է․ «Ավստրալահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային և Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031