Վարորդի սթափության վիճակի զննության կարգը փոփոխվել է․ այսուհետ քաղաքացու դիմումի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվելում միայն վարորդից վերցված մեզի կամ արյան հետազոտության միջոցով: Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց ոստիկանության ներկայացրած նախագծին, ըստ որի՝ փոփոխվում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը։
Ոստիկանության հիմնավորման մեջ գրված է, որ հաճախ են այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողի կողմից արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննությունից հետո՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն եւ նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն: Սակայն, ինչպես նշված է հիմնավորման մեջ, բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվում, իսկ իրավասու բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում կամ ալկոհոլի պարունակությանը չի հատել վարչական տույժ նախատեսող սահմանը, այնինչ, ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն:
Նման իրավիճակում, ըստ ոստիկանության, ոստիկանության ծառայողի կայացրած որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ՝ նույն եղանակով զննության արդյունքում բուժհաստատության տրամադրած արձանագրությունն ընդդեմ ոստիկանության ծառայողի տեխնիկական սարքի զննության արձանագրության:
Վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում բողոքարկման վարույթի ընթացքում՝ օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում վարչական մարմնի կամ դատարանի կողմից ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը և բժիշկը կարող է պնդել իր կազմած արձանագրության բովանդակությունը՝ հասկանալով, որ որևէ հնարավորություն չկա այն ստուգելու:
Կարդացեք նաև
Սա, ըստ ոստիկանության, հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել:
Ոստիկանության ներկայացրած որոշմամբ առաջարկվում է՝ սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների կամ դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բուժհաստատությունում մինչեւ բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը: Նախագծի ընդունման արդյունքում, ինչպես հիմնավորում է ոստիկանությունը, բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:
Ոստիկանությունը վստահեցնում է, որ նախագծի ընդունմամբ կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման արդյունավետության:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ