Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր հարցում է զանգվածը միասնական

Օգոստոս 11,2022 10:00

Մոտ հարյուր տարի առաջ՝ 1930 թվականին, լույս տեսավ իսպանացի փիլիսոփա Օրտեգա- Ի- Գասեթի գիրքը, որի անունն այսօր էլ արդիական է հնչում՝ «Զանգվածների ապստամբությունը»: Գիրքն այն մասին է, թե ինչպիսի հաճույք է ստանում անհատը, երբ միաձուլվում է ամբոխի հետ եւ հակառակը՝ ինչպիսի բերկրանք է ապրում զանգվածը, երբ իրեն է միանում անհատը: Բավարարվածությունն, այսպիսով, փոխադարձ է, ինչպես՝ սիրո ժամանակ: Բայց, ինչպես նույն՝ սիրո դեպքում, ձգողականությունն ու հետմղումն իրար հաջորդում են. չի կարող լինել բացարձակ միաձուլում կամ վերջնական բաժանում:

Ամբոխ-անհատ հարաբերությունների դեպքում, ինչպես նկարագրում է Օրտեգա-Ի-Գասեթը, կան երկու՝ իրար հակասող գործընթացներ: Հեղինակը գրում է, որ զանգվածայնությունն, ի վերջո, բերում է տրոհման, որը նա անվանում է «վայրենացում», երբ հասարակության մեջ չկա համերաշխություն, եւ այն կազմված է մանր, իրար հանդեպ թշնամանքով լցված խմբակներից: Այդ «վայրենացումը» փիլիսոփան հակադրում է քաղաքակրթությանը, որը, նրա բնութագրմամբ, «համագոյակցելու կամք» է:

Մինչդեռ զանգվածը չի պատրաստվում որեւէ մեկի հետ համագոյակցել՝ բացի ինքն իրենից: «Այն, ինչ ամբոխ չէ, մահացու ատելության առարկա է»,-գրում է իսպանացին, որը հրաշալիորեն կանխատեսել էր, թե ինչ է տեղի ունենալու իր երկրի հետ վեց տարի հետո:

Իսկապես, երբ մարդը միայնակ է կամ թեկուզ հարազատների, ընկերների շրջապատում է, նրա մտքով չի անցնի թմբուկ վերցնել եւ «հու» բղավել, դա հնարավոր է, երբ իր կողքին կան հարյուրավոր իր պես ոգեւորված մարդիկ: Զանգվածի հետ միաձուլվելու բերկրանքը, սակայն, չի կարող հավերժ տեւել: Եվ դրան, որպես կանոն, հետեւում է տրոհման ժամանակաշրջանը, երբ «հու» գոռալու որեւէ ցանկություն չկա, եւ հակառակը՝ կա թշնամանք՝ տարբեր փոքր խմբերի միջեւ:

Այսօր դժվար թե հնարավոր լինի հավաքել մարդկանց՝ թմբուկի շուրջ կամ ուղարկել նրանց՝ դատարանները շրջափակելու: Բայց մի հարցում զանգվածը հիմա էլ է միասնական՝ ցանկացած հեղինակություն մերժելու հարցում: Փորձեք տալ որեւէ մարդու անուն՝ ոչ միայն որպես ապագա կառավարության՝ ձեզ համար նախընտրելի պաշտոնյա, այլ պարզապես՝ որպես խելացի, պարկեշտ մարդ կամ լավ մասնագետ: Եվ կտեսնեք, թե ինչ կլինի: Ամբոխը կբզկտի ոչ միայն այդ մարդուն, այլեւ ձեզ՝ որ համարձակվել եք այդ անունը տալ: Այդ՝ բացասական իմաստով Հայաստանում կա հասարակական գրեթե կատարյալ կոնսենսուս: Դա, մեղմ ասած, խիստ դժվարացնում է որեւէ նոր գաղափարի առաջ քաշումն ու քննարկումը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ընտանիքի ողջ հարստությունը պատկանում է ընտանիքի անդամներին, մեր ժողովրդին իբր տվել են ընտրելու իրավունք, բայց մոռացել են տալ իր տարածքի հարստությանը տեր կանգնելու իրավունք: Ժողովուրդը դա միայն հանրապետության զանգվածը չէ, դա ընտանիքի ժողովուրդն է, շենքի ժողովուրդն է, համայնքի ժողովուրդն է, մասնավորը դա անձնականի հոմանիշն է, մարդն իր ընտանիքում անձնական իրավունքներ ունի, օրենքները պետք է լինեն բոլորի համար նույնը՝ լինի անձ, ընտանիք, համայնք թե պետություն: Առանց սեփականության եւ այդ սեփականության արդյունավետ պաշտպանության շնորհքի ժողովուրդը որպես սուբյեկտ չի ձեւավորվի: Ցանկացած փորձություն կյանքի դրական փորձ է դառնում, երբ մտածում ես եւ գործում, կամ էլ դառնում է փորձանք, երբ չես մտածում եւ չես գործում: Արարիչն իր ամենազոր զենքը տալիս է նրան, ով այդ զենքն օգտագործելու շնորհքն ունի: Ամեն ինչ Արարչի ձեռքում է եւ ոչ թե ինչ որ բարբարոս ցեղերի, այնպես որ մենք ենք ու մեր Արարիչ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031