Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. Վարչապետի աշխատակազմը, չպատասխանելով հարցերին, հաստատում է, որ Ադրբեջանի հետ հակահայկական կուլիսային պայմանավորվածություն ունի

Օգոստոս 10,2022 22:51

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

27.06.2022թ. հարցում էի կատարել վարչապետի աշխատակազմին և հարցեր ուղղել Բերձորին առնչվող թեմայով: 01.07.2022թ. ստացա մի անպատասխանատու գրություն: 18.07.2022թ. կրկին հարցում կատարեցի (տես ներքևում⬇️): Առ այսօր պատասխան չեմ ստացել, այնինչ պետք է 5 օրյա ժամկետում պատասխանեին:
18.07.2022թ. հարցման տեքստը՝

«27.06.2022թ. հ.584531 հարցմանս առնչությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը 01.07.2022թ. գրությամբ հայտնել է «…վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հունիսի 27-ի առցանց ասուլիսում անդրադարձել է Ձեր բարձրացրած հարցադրումներին: Հայտնում ենք, որ վարչապետի հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունենք:»:

Չցանկանալով գնահատական տալ նման անպատասխանատու մոտեցմանը, սույնով կրկին անգամ ներկայացնում եմ հարցման տեքստը, պնդելով, որ ինձ անհրաժեշտ են կոնկրետ պատասխաններ, պաշտոնական գրությամբ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) 6-րդ կետում նշված է՝

«……. Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ (по Лачинскому коридору) նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: »: Հայերեն տեքստում օգտագործվել է «երկայնքով» բառը:

Հայտարարության մեջ նշված այս պայմանավորվածությունից հետևում է, որ՝
• Երեք տարիների ընթացքում կողմերի միջև պետք է համաձայնեցվի նոր երթուղու կառուցման նախագիծ և ոչ թե կառուցվի երթուղի.
• Երթուղին պետք է լինի Լաչինի միջանցքով (по Лачинскому коридору) և ոչ թե Լաչինի շրջանի այլ մասով:

Լաչինի միջանցքում գտնվող բնակավայրերում, այդ թվում՝ Բերձոր քաղաքում մարդիկ են ապրում:

Հետևաբար, եթե այն լուրերը ճիշտ են, որ մոտ օրերս Լաչինի միջանցքը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը և մյուս բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին, ապա մի շարք հարցեր են ծագում, որոնց պատասխանն ակնկալում ենք իշխանություններից:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ գրավոր հայտնել՝
1) Հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է լինի նաև Հայաստանի համաձայնությունը: Տվել է արդյոք Հայաստանը համաձայնություն, որ այդ նոր ճանապարհը փոխարինի Լաչինի միջանցքին: Եթե տվել է, ապա որ պաշտոնատար անձն է տվել և երբ.
2) Ինչու է Հայաստանը համաձայնվել, որպեսզի Լաչինի միջանցքով չանցնող այլ երթուղի հաստատվի, այսինքն երթուղին անցնի Լաչինի միջանցքից դուրս գտնվող այլ տարածքով ի հակասումն Հայտարարության ռուսական տեքստին.
3) Ինչու է Հայաստանը շտապում, երբ երեք տարիների ընթացքում պետք էր համաձայնություն ձեռք բերել երթուղու նախագծի վերաբերյալ և ոչ թե՝ բուն երթուղին կառուցել.
4) Ինչ է լինելու Լաչինի միջանցքում գտնվող հայկական բնակավայրերի, այդ թվում՝ Բերձոր քաղաքի բնակիչների հանգամանքը: Հայաստանը պաշտպանելու՞ է արդյոք բնակիչների կյանքը, եթե ռուսական խաղաղապահները դուրս գան.
5) Հայաստանից Արցախ գազամուղն արդյո՞ք չի անցնում Լաչինի միջանցքով և արդյո՞ք Լաչինի միջանցքից հրաժարվելու դեպքում, Ադրբեջանը չի վերացնի գազատարը և իր կողմից գազով չի ապահովի Արցախին, հետագայում իրենից կախման մեջ պահելու և տարածքները յուրացնելու նպատակով.
6) Հայաստանից դեպի Արցախ՝ Լաչինի միջանցքով, բացի գազամուղից, արդյոք էլեկտրաէներգիայի, ինտերնետի, ջրագծի, հեռախոսի կապուղիներ են անցնում: Եթե այո, ապա ինչպես է այդ կապուղիների հարցը լուծվելու, եթե Լաչինի միջանցքը հանձնվում է Ադրբեջանին.
7) Արդյո՞ք մյուս ճանապարհն ունի այն անվտանգությունը (օրինակ այլ դիրքերից թիրախավորում ճանապարհով երթևեկողներին), ինչն ունի Լաչինի միջանցքի ճանապարհը.
Արդյո՞ք մյուս ճանապարհը ռելիեֆի պատճառով ավելի դժվարանցանելի չէ, քան Լաչինի միջանցքի ճանապարհը:
9) Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Հայաստանը մասնակցում է, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչ ծավալով, միայն Հայաստանի տարածքում, թե դրանից դուրս, իսկ եթե՝ ոչ, ապա ինչու.
10) Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման փաստացի աշխատանքները երբ են սկսվել, որ կազմակերպություններն են իրականացնում այդ աշխատանքները և ինչ իրավական հիմքերով (մրցույթ, պայմանագիր և այլն):»

Վարչապետի աշխատակազմը, չպատասխանելով հարցերին, հաստատում է, որ Ադրբեջանի հետ հակահայկական կուլիսային պայմանավորվածություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031