Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ իմ բացատրելուց հետո Թոռնիկը սկսեց փողից խոսել, շոկի մեջ էի, հասկացա, որ սադրանք է»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 10,2022 19:48

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում հանրային մեղադրող Մանանդ Ասատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի` Ավետիք Չալաբյանը գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է` ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու նպատակով, մասնավորապես՝ Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։ Չալաբյանը մեղադրանքի առնչությամբ հայտարարել է, որ սա իրականում «Փաշինյանն ընդդեմ Չալաբյանի» գործ է։

Ապա գործում եղած ապացույցների հետազոտման փուլում հրապարակվեց «MediaNews» կայքում առաջին անգամ հրապարակված՝ Չալաբյանի, Էմմա Սարգսյանի եւ Թոռնիկ Ալիյանի մասնակցությամբ ձայնագրությունը։ Ինչպես պաշտպանական կողմն էր պնդել, այդ հարթակը «ֆեյք» է, ըստ օրենքի՝ չի կարող համարվել լրատվական կայք, եւ պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։

Ձայնագրության վերաբերյալ Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը նշեց՝ Չալաբյանի կողմից ասված՝  «պետք է ձեւակերպեք ձեր կարիքները» արտահայտությունը չի կարող խոսել նախնական համաձայնության մասին․ «Պարտադիր չէ, որ կարիքը լինի գումարի տեսքով։ Այն կարող է լինել սննդի, ջրի, տեղափոխության տեսքով։ Ֆինանսի մասին խոսակցությունը՝ որպես կարիք, նախաձեռնվել է Թոռնիկ Ալիյանի կողմից»։

Ապա Ավետիք Չալաբյանը հայտարարեց․ «Եւ ես, եւ Թոռնիկ Ալիյանը խոսել ենք 30 րոպեից ավելի։ Թոռնիկ Ալիյանն ասել է՝ մեկ ժամ, ես ասել եմ՝ 30-40 րոպեից ավելի։ Ճշգրիտ չենք հիշում, բայց կան տեսանկարահանման արդյունքներ, որոնցով ակնհայտ է, թե երբ ենք հանդիպել եւ դուրս եկել։ Այս ձայնագրության այն հատվածը, որը վերաբերում է մեր խոսակցությանը, չորս րոպե է։ Ակնհայտ է, որ չորս րոպեն չի կարող արտացոլել 30-40 րոպե տեւած իրական խոսակցությունը։ Կա երկար խոսակցություն, որի ժամանակ ես իրեն բացատրել եմ մեր նպատակները։ Այդ հատվածը դուրս է թողնվել շատ պարզ պատճառով, որովհետեւ եթե այն հրապարակվեր, պարզ կլիներ, որ ես եկել էի Թոռնիկ Ալիյանին ճանաչելու, նրա հետ ծանոթանալու եւ շարժմանը ներգրավելու համար, ոչ թե նրան նյութապես շահագրգռելու»։

Չալաբյանը շարունակեց․ «Երբ ես իրեն այդ ամենը բացատրեցի, իսկ ինքը սկսեց փողի մասին խոսել, ես շոկի մատնվեցի ու սկսեցի հասկանալ, որ այստեղ ինչ-որ սադրանք կա։ Սկսեցի խուսափողական պատասխաններ տալ։ Փորձում էի խոսակցությունը շրջել, որովհետեւ հասկանում էի, որ Թոռնիկը լրիվ ուրիշ նպատակ ունի։ Թե ինչ ունի, իրեն կհարցնեք, երբ կգա վկայություն տալու։ Այս ձայնագրությունը մոտ քառասուն րոպեից մոնտաժել ու սեղմել են հատուկ այնպես, որ պոկած բառերով ստեղծեն ենթադրություն։ Ոչ մի տեղ ես նյութական առաջարկ չեմ արել, ոչ էլ խոսել եմ ցույցերից»։

Ավետիք Չալաբյանը նաեւ պնդեց՝ հենց Թոռնիկ Ալիյանն է խոսք բացել 2000 ուսանողի մասին․ «Ես նման բան չեմ ասել։ Հակառակը, ասել եմ՝ ի՞նչ 2000, 200-ին էլ բերես, հերիք է։ Ագրարային համալսարանում այդ պահին կար 1060 ուսանող, ի՞նչ 2000․․․դա աբսուրդ է, Թոռնիկի հնարած հեքիաթը։ Պարզ սադրանք է եղել, իսկ դուք պտտացրել ու պնդում եք, թե մենք ենք դա ասել։ Ոչ։ Ինքն է առաջարկել»։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031