Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարցաքննեիք 2000 ուսանողի․ Չալաբյանն առավոտ արթնացել էր ու որոշել, որ 2000 հոգու նյութապես շահագրգռելո՞ւ է»․ պաշտպան

Օգոստոս 10,2022 18:02

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում հանրային մեղադրող Մանանդ Ասատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի` Ավետիք Չալաբյանը գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է` ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու նպատակով, մասնավորապես՝ Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։

Պաշտպանական կողմը դիրքորոշում հայտնեց մեղադրանքի վերաբերյալ։ «Այս իրավական տերմինները զուտ արտահայտություններ են եւ կապ չունեն իրական գործընթացի հետ։ Ի սկզբանե պնդել ենք, որ գործընթացն ապօրինի է։ Քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով, նախաքննության ժամանակ եւս տեղի են ունեցել ապօրինություններ։ Պաշտպանական կողմի բազմաթիվ իրավունքներ խախտվել են։ Այս գործը ձեզ մակագրելով՝ շարունակվում է ապօրինությունների շղթան»,-դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ հայտարարեց Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը։ Դատավորը նրան ընդհատեց՝ հորդորելով դիրքորոշում հայտնել մեղադրանքի մասին։

Անդրիկյանը պնդեց, որ հենց մեղադրանքի մասին էր խոսում․ «Զավեշտալի է, որ մեղադրողը պնդեց «նախնական համաձայնության» մասին, մինչդեռ պարոն Չալաբյանի կողմից գումարի առաջարկ չկա։ Մեղադրանքն անհիմն է։ Չալաբյանը քանիցս ասել է, որ հետապնդման է ենթարկվում իր հասարակական-քաղաքական գործունեության համար»։

Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանն էլ իր հերթին նշեց՝ մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում արտացոլված չի այն փաստը, որ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել էր հարցաքննել կարեւոր վկաների մի խմբի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող «MediaNews» կայքի աշխատակազմին ու տնօրինությանը։ Հիշեցնենք, որ Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունը հենց այս հարթակում էր հայտնվել։

«Իրավաբան լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե ձայնագրությունն առաջին անգամ հրապարակվում է կոնկրետ կայքում, ապա աղբյուրը հնարավոր է գտնել առնվազն փորձելով խոսել այդ կայքի հետ։ Բայց մեր միջնորդությունը մնաց առանց քննության։ Նախաքննության մարմինն ընդունեց, որ սա «ֆեյք» կայք է։ Միջնորդել էինք նաեւ հարցաքննել երկու հազար ուսանողի։ Մենք խելագար չենք եւ հասկանում ենք, որ այդքան ուսանողի հարցաքննելը «կապրիզ» չի։ Պնդել էինք՝ ելնելով Ավետիք Չալաբյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից, ըստ որի՝ նա առավոտ արթնացել է ու ուզել երկու հազար հոգու նյութապես շահագրգռել»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։ Վերջին նախադասությունն արտաբերելու պահին Ավետիք Չալաբյանը ժպտաց։

Ապա Վարազդատ Հարությունյանը դիմեց դահլիճում ներկաներին․ «Բարձրագույն կրթություն ստացած որեւէ մեկը կարո՞ղ է առավոտյան զարթնել ու ասել, որ այսօր նպատակ ունի երկու հազար հոգու նյութապես շահագրգռել․․․դրել են մեղադրանքի հիմքում, բայց չեն հարցաքննել այդ երկու հազար հոգուն, որովհետեւ իրենք էլ իրականում չեն հավատում իրենց գրած մեղադրանքին»։

Այստեղ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նորից ընդհատեց պաշտպանական կողմին՝ հորդորելով դիրքորոշում հայտնել մեղադրանքի մասին։ Վարազդատ Հարությունյանը պատասխանեց․ «Ինձ ընդհատում եք, խանգարում։ Մեղադրական եզրակացությունը կոնկրետ գործընթացի ավարտական մասն է, ինչպե՞ս կարելի է խոսել դրանից՝ չխոսելով դրա հիմքում ընկած հանգամանքներից ու իրադարձություններից։ Ես Նիկոլ Փաշինյանից չէի խոսում, որ ընդհատեցիք։ Երբ կխոսեմ նրանից, այդ ժամանակ տրամաբանական կլինի, եթե ընդհատեք, թեեւ իրավունք ունեմ խոսելու։ Խնդրում եմ չընդհատել ու չսահմանափակել մեր իրավունքները»։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031