ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, համակիրների, ֆեդերացիայի անդամների հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հաղթանակներով վերադարձող հայ շախմատիստներին։ Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաեւ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ հայ շախմատիստներից լավ խաղ էին սպասում, բայց նրանք բոլոր սպասումներից ավելի լավ են հանդես եկել․ «Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։ Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ»։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 19 միավորով գրավել է երկրորդ տեղը։
Հայաստանի շախմատի հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանը լրագրողների հետ խոսել է հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանի մասին․ «Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ ինքը ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է, ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ»։