Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա «Փաշինյանն ընդդեմ Չալաբյանի» դատավարություն է․ հանեք մեղադրանքն Էմմա Սարգսյանի վրայից»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 10,2022 17:31

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում հանրային մեղադրող Մանանդ Ասատրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի` Ավետիք Չալաբյանը գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է` ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու նպատակով, մասնավորապես՝ Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։

 

Մեղադրանքի մասին ելույթ ունենալով՝ Ավետիք Չալաբյանը համոզմունք հայտնեց, որ մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան, նման քրեական գործ կարող է գոյություն ունենալ միայն «ժողովրդավարության բաստիոն» հռչակված ՀՀ-ում․ «Չկա ապացույցների շղթա, որը ցույց կտա, որ նյութապես շահագրգռելու հանցակազմը գոյություն է ունեցել։ Չկա հանցակազմ, հետեւաբար՝ խոսք չի կարող լինել մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին։ Մեղադրանքն աբսուրդ է, բնականաբար՝ չեմ ընդունում»։

 

Ըստ Չալաբյանի՝ իրեն եւ դասախոս Էմմա Սարգսյանին առաջադրված մեղադրանքը նույնական է․ «Էմմա Սարգսյանի նկատմամբ ընտրվեց խափանման միջոց, իմ հանդեպ՝ ամենադաժան խափանման միջոցը(Էմմա Սարգսյանի հանդեպ կիրառված է ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոց, իսկ Չալաբյանը կալանավորված է երեք ամսով-հեղ), նրան նախորդ նիստում թույլատրվեց չհաճախել դատական նիստերին։ Ես ամեն անգամ այդ մահաբեր ոստիկանական «ՈՒԱԶ»-ով ստիպված եմ մեկ ժամ գնալ-գալ։ Համոզված եմ, որ դատավճիռն արդեն պատրաստ է եւ դրված դատարանի դարակներից մեկում, եւ դրանով նույն տրամաբանությամբ Էմմա Սարգսյանը ստանալու է հնարավոր ամենամեղմ պատիժը, իսկ ես՝ հնարավոր ամենածանր պատիժը»։

Դիմելով դատավորին՝ Չալաբյանը շարունակեց․ «Իմ համար գրված է «3 տարի» ու դրված է ձեր դարակում։ Էմմա Սարգսյանը պատահական մարդ է։ Սա դատավարություն չի։ Սա ոչ թե «ՀՀ-ն ընդդեմ Չալաբյանի եւ Սարգսյանի» դատավարություն է, այլ «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Չալաբյանի»։ Ուստի մեղադրողին առաջարկում եմ մեղադրանքն առհասարակ հանել Էմմա Սարգսյանի վրայից։ Հաշվի առեք, որ նա միայնակ մայր է, խնամքին ունի առողջական խնդիրներով երեխա։ Հանեք իր մեղադրանքը եւ ներգրավեք որպես վկա։ Դա շատ ավելի արդար կլինի, քան այն, ինչ դուք եք հիմա անում։ Ձեր բոլորի՝ այս ռեպրեսիվ բուրգի կռիվն իմ դեմ է։ Տարեք ձեր կռիվն ինչքան կարող եք, մենք էլ կտանենք, որքան կարող ենք, բայց Էմմա Սարգսյանի վրայից հանեք այդ մեղադրանքը։ Ինքը ոչ մի բան չի արել, ինչպես եւ ես, բայց դուք ինձ դատում եք ուրիշ բանի համար։ Իսկ ինքն այդ ուրիշ բանն անգամ չի արել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031